Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանա-թուրքական տանդեմը վիճարկում է հայ ժողովրդի գոյության իրավունքը, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը։
Նա հատկապես վտանգավոր է համարել թուրքական քաղաքականությունը Նախիջեւանի հանդեպ։ Նրա խոսքով, Նախիջեւանի ուղղությամբ Թուրքիան ակտիվ էքսպանսիա է սկսել. Անկարան արդեն իսկ մտադիր է Նախիջեւանով անցնող երկաթգիծ կառուցել, ավիաչվերթեր բացել, ինչպես նաեւ զինվորական ներկայացուցչություն ունենալ այնտեղ։ «90-ականներին Թուրքիայի նմանօրինակ փորձերը կանխվեցին Ռուսաստանի կողմից, սակայն այժմ Մոսկվան այդ գործին չի խառնվի։ Բարձրաստիճան պաշտոնյաների երկկողմ այցերը հենց այդ հարցերը համաձայնեցնելու նպատակն ունեին»,- ընդգծել է Նռանյանը՝ ավելացնելով, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի խոսքերն այն մասին, թե Անկարայի քաղաքականությունը Նախիջեւանի հանդեպ չպետք է հուզի երրորդ երկրներին, ասվածի վկայությունն է։
«Այս համատեքստում Հայաստանի պասիվությունը զարմանալի է, քանի որ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում ուղիղ սպառնալիք է ԼՂՀ անվտանգությանը։ Երեւանը պետք է արձագանքի Նախիջեւանում թուրքական էքսպանսիային»,- կոչ է արել պատգամավորը։




























