Google-ը մինչեւ 2030 թվականը 1 միլիարդ եվրո կներդնի Գերմանիայում իր ամպային հաշվիչ ենթակառուցվածքների ընդլայնման եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ավելացման համար, հաղորդել է AP-ն:
Համացանցային հսկան հայտարարել է, որ նախատեսում է ամպային հաշվիչների նոր կենտրոններ կառուցել Բեռլինի տարածքում եւ Հանաու քաղաքում՝ Ֆրանկֆուրտի DE-CIX տվյալների փոխանակման կենտրոնից ոչ հեռու:
Google-ը մոտակա տարիներին ավելի քան 140 մեգավատ էլեկտրաէներգիա կգնի ֆրանսիական Engie ձեռնարկության գերմանական դուստր ձեռնարկությունից՝ տվյալների կենտրոնների շահագործման համար:
Ըստ ընկերության՝ Engie-ը երաշխավորում է, որ էլեկտրաէներգիայի 80 տոկոսը տրամադրվելու է առանց ածխածնի աղբյուրներից, այդ թվում` նոր արեւային պարկերից եւ Գերմանիայում գործող 22 հողմակայաններից: Google-ը հայտարարել է, որ մինչեւ 2030 թ. նպատակ ունի 100 տոկոս վերականգնվող էներգիայի աղբյուրներ օգտագործել:





























