ԼՂ խնդրի կարգավորման բանալին, ինչպես քանիցս հայտարարել է Ռուսաստանը, գտնվում է ոչ թե այս կամ այն տեղ, այլ հակամարտող կողմերի ձեռքում՝ NEWS.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել «Ռազամավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի այսօր արած հայտարարությանը։ Նշենք, որ Ա. Արզումանյանը հայտարարել էր, թե ԼՂ խնդրի կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Մանվել Սարգսյանը հավելել է նաեւ, թե քանի դեռ հակամարտող երկու կողմերի միջեւ չկա համաձայնություն այս կամ այն կետի վերաբերյալ, չի կարելի խոսել խնդրի կարգավորման ուղղությամբ լուրջ քայլեր անելու, առաջընթաց արձանագրելու մասին։ «Վերջիվերջո, մենք խոսում ենք կարգավորման մասին, այլ ոչ թե կողմերից մեկի վրա ճնշումներ բանեցնելու, ազդելու, լուծումներ պարտադրելու մասին։ Պարտադրանքի մեթոդը միշտ էլ եւ ցանկացած երկրի կողմից էլ հնարավոր է կիրառել, սակայն դա հարցի լուծում համարել չի կարելի»,-նշել է Մ. Սարգսյանը։ NEWS.am-ի մյուս հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք ԼՂ խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբից այլ ձեւաչափ տեղափոխելը, փորձագետը պատասխանել է, թե նման հեռանկարը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում փոփոխություններ իրականացնելը քիչ հավանական է համարում։