Հարավաֆրիկացի միլիարդատեր Պրիվեն Ռեդին հայտարարել է Leap Aerospace ընկերության ստեղծման մասին՝ նոր սերնդի գերձայնային տրանսպորտի նախագծման համար: Նրա առաջին կոնցեպտը՝ LEAP EON-01-ը, եռանկյուն թեւով ուղեւորատար ինքնաթիռ է՝ առնվազն չորս շարժիչով, որը հիշեցնում է 20-րդ դարավերջի հայտնի «Կոնկորդ»-ը, հաղորդել է HighTech+-ը:
«Մենք նախագծում ենք հաջորդ սերնդի ինքնաթիռ, որը կդառնա ածխածնի զրոյական արտանետումների օրինակ եւ աշխատելու է 100 տոկոս կայուն ավիացիոն վառելիքով», - ասվում է ընկերության կայքում: «Leap Aerospace-ը մասնագիտացած է օդային տրանսպորտի հուսալի, հասանելի, անվտանգ եւ մաքուր լուծումներ ստեղծելու մեջ»:
Ընկերության գործարկման համար միջոցներ տրամադրում է 37-ամյա ձեռնարկատեր Ռեդին, ում կարողությունը գնահատվում է 55 միլիարդ դոլար: Նրա խոսքով՝ նոր ինքնաթիռը կդառնա ավանդական եւ նորարարական տեխնոլոգիաների հիբրիդ եւ հնարավորություն կտա խլացնել ձայնային պատնեշի հաղթահարման աղմուկը, ինչպես նաեւ կնվազեցնի հարվածային ալիքը, աէրոդինամիկ դիմադրությունը եւ կբարձրացնի ընդհանուր արդյունավետությունը:
62 մետր երկարությամբ ինքնաթիռը կզարգացնի 1.9 մախ արագություն, կբարձրանա 18 կմ բարձրության վրա եւ 100 անգամ ավելի քիչ աղմուկ կբարձրացնի, քան ուղղաթիռը՝ թռիչքի եւ վայրէջքի հատուկ պտուտակների շնորհիվ: Այն Նյու Յորքից Լոնդոն կթռչի երեք ժամում, Յոհանեսբուրգից Պեկին՝ 3.5 ժամում:
Շարժիչի ամբողջական անսարքության դեպքում նախատեսվում է ցամաքում կամ ծովում ապահով վայրէջքի մեխանիզմ: Սրահը կարող է տեղավորել 65-88 ուղեւոր, գրել է Aerospace-ը:
Leap-ը մտադիր է 2022 թվականից սկսել ինքնաթիռների նախավաճառքը բեռնատար եւ տրանսպորտային կազմակերպություններին, սակայն ոչ մասնավոր ավիաընկերություններին: EON-01-ի նախագծումն արդեն ավարտված է, այժմ ընկերությունը զբաղվելու է նախատիպի հավաքմամբ եւ եվրոպական ու ամերիկյան կարգավորող մարմիններում հավաստագրման եւ հավատարմագրման գործընթացով: Ակնկալվում է, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կստացվեն նախատիպի ստեղծումից մոտ երեք տարի անց:
Ընդհանուր առմամբ, եթե ամեն բան ընթանա ծրագրի համաձայն, Leap գերձայնային ուղեւորատար ինքնաթիռի տոմսերը հասանելի կլինեն 2029 թվականի վերջին:




























