Մայիսի 18-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի «Գալավինո» թաղամասում տեղի է ունեցել սողանք (125մ երկարությամբ եւ 20մ խորությամբ), որը սպառնում է ավտոմայրուղու միակողմանի փակմանը. երթեւեկությունը մայրուղով դժվարացել է:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել Տավուշի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ սողանքի հետեւանքով վնասվել է Երեւան-Դիլիջան եւ Իջեւան-Նոյեմբերյան կապի օպտիկական մալուխը:

Ժամը 14.40-ի դրությամբ Հաղարծինի «Ճանշինի» կողմից ավտոմայրուղին մաքրվել է, երթեւկությունը` վերականգնվել: Կապի ծառայության աշխատակիցների կողմից տարվում են մալուխների վերականգնման աշխատանքներ:

Նույն օրը Լոռու մարզի Ջիլիզայի գյուղապետից ահազանգ է ստացվել, որ մայիսի 17-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղի են ունեցել սողանքներ, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է անանցանելի:

Ժամը 18.20-ի դրությամբ՝ Թումանյանի «Ճանշինի» կողմից իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհի երթեւեկությունը վերականգնվել է: