Այսօր` մայիսի 19-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Նուբարաշենի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի սաների նկատմամբ նույն դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Հիշեցենք, որ ապրիլի 26-ին դատավոր Ա.Գաբրիելյանի նախագահությամբ կայացել է դատական առաջին նիստը: Մեղադրյալը տարիների ընթացքում անչափահասների նկատմամբ շարունակաբար իրականացրել է անառակաբարո գործողություններ, սակայն վերջին նիստի ժամանակ (մայիսի 12-ին) որոշվել է իրականացնել արագացված դատաքննություն (որի արդյունքում պատիժը կիսով չափ կկրճատվի), նաեւ դատախազը որպես պատիժ ներկայացրել է 1 տարի 6 ամսվա դատապարտում, որը, նման հանցագործության համար բավականին մեղմ պատիժ է:
Այսօր` ժամը 13:30-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջեւ տեղի կունենա բողոքի գործողություն։ Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում բոլորին (ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ, ոչ անտարբեր անհատներ)՝ միանալ իրենց` ի աջակցություն տուժող երեխաների, եւ պահանջում են, որ մեղադրյալի նկատմամբ սահմանվի առավելագույնս խիստ պատիժ:
Հիշեցնենք, որ Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիան: Սակայն երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների եւ բռնությունների նկատմամբ մեր այսպիսի անտարբեր վերաբերմունքով եւ մեղմ դատավճռով ցույց ենք տալիս, որ մեր երկիրը հանդուրժում է մանկապղծությունն ու սեռական բռնությունը:



























