Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային կոմիտեն, որը միակ օրգանն է, որ իրավասու է փոխել ֆուտբոլային խաղի կանոնները, արգելել է 11 մետրանոց տուգանային հարվածների ժամանակ ֆուտբոլիստների խաբուսիկ շարժումները հարվածից առաջ:
Ֆուտբոլիստներն այլեւս չեն կարող կանգ առնել գնդակի առաջ, դադար տալ, որպեսզի տեսնեն, թե որ կողմ է պատրաստվում ցատկել դարպասապահը: Խաբուսիկ շարժումներ թույլատրելի են միայն գնդակին մոտենալու վազքի ժամանակ: Հակառակ պարագայում ֆուտբոլիստը կստանա դեղին քարտ՝ ոչ մարզական պահվածքի համար, եւ տուգանայինի իրացումը կկրկնվի:
Նորամուծությունը ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունիսի 1-ից, ինչը նշանակում է, որ այն կգործի արդեն ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում, որը մեկնարկում է հունիսի 11-ին, Հարավաֆրիկյան Հանրապետությունում:
Բացի այդ, Կոմիտեն ընդլայնել է նաեւ պահեստային մրցավարի գործառույթները, եւ այդ մրցավարն այժմ արդեն պետք է հետեւի խաղին՝ գլխավոր մրցավարին օգնելու համար, հատկապես տուգանային հրապարակներում կատարվող իրադարձությունների ժամանակ:



























