Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր՝ մայիսի 19-ին կայացած նիստում տուգանել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը 2,5 մլն դրամով` օղու շուկայում անբարեխիղճ մրցակցություն դրսեւորելու համար:
Հանձնաժողովը պարզել է, որ «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող «Ուկրաինա» անվանումով օղու ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է ուկրաինական «Ալեք-Վինալ» ընկերությանը պատկանող «Ուկրաինկային», «Խլոպցի» անվանումովը` ուկրաինական «Խորտիցային», «Մեդոֆե»-ինը բրիտանական «Մեդոֆֆ» անվանումով ապրանքային նշանին, «Պրեմիումը»` ուկրաինական «Պրայմին»: Շփոթության մեջ է գցում նաեւ «Խլեբնիյ դար» անվանումով օղին:
Մասնագետների գնահատմամբ՝ «Ալեքս Գրիգ»-ի օղիները սպառողի մոտ կարող են շփոթություն առաջացնել, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է եւ արգելվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։
Միաժամանակ Հանձնաժողովը ընկերությանը հանձնարարել է 10-օրյա ժամկետում ներկայացնել տուգանքների վճարումը հավաստող տեղեկատվություն, ինչպես նաեւ այդ օղիների իրացումը դադարեցնել եւ հետագայում բացառել։
«Ալեքս-Գրիգի» ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը հայտարարել է, թե օղիների նմանակումը անբարեխիղճ մրցակցություն չի համարում, եւ պատրաստվում է դատական կարգով բողոքարկել որոշումը:
Նշենք, որ «Ալեքս Գրիգը» տուգանվել է նաեւ 500 հազար դրամով` շաքարավազի եւ ձեթի շուկայում իր գործունեության մասին տեղեկատվություն չտրամադրելու համար:



























