Քուվեյթում մեքենաների հին անվադողերը վերամշակվում են՝ վերածվելով հատակի սալիկների: Խոսքը ավելի քան 42 միլիոն անվադողերի աշխարհի խոշորագույն գերեզմանոցներից մեկի մասին է, հայտնում է Reuters-ը:

Հսկայական աղբանոցը գտնվում էր բնակելի արվարձանից ընդամենը 7 կմ հեռավորությամբ: Բնակիչներին անհանգստացնում էին պարբերական հրդեհները, որոնք թունավոր սեւ ծուխ էին արձակում:

Բայց այս ամիս Քուվեյթը, որը ցանկանում է այդ տարածքում 25 000 նոր շենք կառուցել, ավարտել է բոլոր անվադողերի տեղափոխումը Սաուդյան Արաբիայի սահմանին մոտ գտնվող Ալ Սալմիում նոր վայր:

EPSCO Global General Trading ընկերությանը պատկանող վերամշակող գործարանում աշխատակիցները տեսակավորում եւ մանրացնում են հին անվադողերը՝ նախքան դրանցից հատակի ռետինե սալիկներ պատրաստելը:

EPSCO-ն հայտնել է, որ գործարանը կարող է տարեկան մինչեւ 3 միլիոն անվադող մշակել:

Օգտագործված անվադողերը լուրջ բնապահպանական խնդիր են ամբողջ աշխարհում` իրենց մեծ չափերի եւ քիմիական այն նյութերի պատճառով, որոնք արտազատում են:

Ըստ վիճակագրության կենտրոնական վարչության՝ նավթով հարուստ Քուվեյթը մոտ 4,5 միլիոն բնակչությամբ, 2019 թվականին ուներ մոտ 2,4 միլիոն ավտոմեքենա՝ 2010 թվականի 1,5 միլիոնի համեմատ։

Կառավարությունը հույս ունի, որ Ալ-Սալմին կդառնա անվադողերի վերամշակման կենտրոն եւ նախատեսում է նոր գործարաններ բացել: