Աֆղանստանում կանանց թույլ չեն տա խաղալ կրիկետ եւ այլ մարզախաղեր, որոնց ընթացքում նրանց մարմինը կարող է ավելի շատ բացվել, քան թույլ են տալիս իսլամի նորմերը, լրագրողներին տեղեկացրել է թալիբների կառավարությունում մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Ահմադուլա Վասիկը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Կրիկետը, որն Աֆղանստան է եկել Բրիտանական Հնդկաստանից, երկրում ամենատարածված մարզախաղերից է, այդ թվում եւ կանանց շրջանում։

«Չեմ կարծում, թե կանանց թույլ կտան կրիկետ խաղալ, որովհետեւ դրա կարիքը չկա... (Խաղի ժամանակ) նրանք կարող են բախվել այնպիսի իրավիճակի, երբ դեմքն ու մարմինը ծածկված չեն լինի։ Իսլամը թույլ չի տալիս կանանց այդպիսի տեսք ունենալ»,- ասել է Վասիկը SBS հեռուստաալիքի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ «ԶԼՄ-ների դարաշրջանում» խաղացող կանայք կարող են հայտնվել լուսանկարներում եւ տեսանյութերում, որոնք կդառնան բազմաթիվ անծանոթների սեփականությունը։ «Իսլամը եւ Աֆղանստանի իսլամական էմիրաթը (թալիբների քաղաքական համակարգի ինքնանվանումը) թույլ չեն տալիս կանանց կրիկետ կամ ցանկացած այլ մարզախաղ խաղալ, որտեղ նրանք մերկանում են»,- ավելացրել է Վասիկը։