Շոտլանդացին £5 հազար փոխհատուցում ստացավ այն պատճառով, որ բողոքել էր, որ անձնակազմին սպասարկող ճաշարանում իրեն ընդամենը երեք հատ հավի նագեթս էին մատուցել, գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով Metro պարբերականին։
Սթիվեն Սմիթը հավաստիացնում է, որ «ապշել» ու «հիասթափվել» էր, երբ իրեն £1,99 արժողությամբ նման կերակրաբաժին էին մատուցել։ Նա դժգոհություն է հայտնել ճաշարանի աշխատակցուհուն, վերջինն իր հերթին առաջարկել է գնալ McDonald's, ինչն էլ ավելի է զայրացրել տղամարդուն։ Աշխատակցուհին բողոքել է, եւ Սմիթին կանչել են կարգապահական ժողովի «ոչ ճիշտ» վարքագծի համար եւ մեղադրել աշխատակցուհու վրա «հարձակվելու» մեջ։
«Ես մեղավոր չեմ, որ նա չտեսավ եւ չհասկացավ իմ դժգոհությունը։ Նա պետք է ընդուներ այն կամ բողոք ներկայացներ։ Սակայն դրա փոխարեն մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ ինձ կեղծ մեղադրում են, որովհետեւ ես ինչ-որ ձեւով վիրավորել եմ այդ կնոջը։ Դա դիտավորյալ չէր, քանի որ ես դժգոհություն էի հայտնել իմ կողմից»,- ասել է Սմիթը կարգապահական լսումների ժամանակ։
Նա նաեւ բացատրել է, որ դեղեր է ընդունել եւ մոտ 12 ժամ արտաժամ աշխատել է։
Ավելի ուշ տեղի է ունեցել եւս մեկ լսում, դրանից շատ չանցած Սմիթին ազատել են։ Նա բողոքարկել է որոշումը եւ մեղադրել ընկերությանը «վենդետայի» մեջ։ Դատարանը նրա ազատումը համարել է անարդարացի, քանի որ ընկերության ղեկավարները չեն հետաքննել կատարվածը պատշաճ կերպով։





























