Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության մայիսի 20-ին կայացած նիստում հայտարարել է, թե արդեն իսկ ակնհայտ է, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները տվել են դրական արդյունք, եւ տնտեսական աճն արդյունաբերությունում բավական մեծ թափ է ստանում։

«Մենք պետք է հետեւողական շարունակենք մեր աշխատանքներն այս ուղղությամբ եւ ավելի շատ պետք է արդեն կենտրոնանանք 2011 թ. տնտեսական աճի վրա` ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի 2011-2012 թթ. այս աճի բարձր տեմպերը կարողանանք պահպանել»,- նշել է վարչապետն ու նկատել, որ դրա համար անհրաժեշտ է հետեւողական լինել։

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ այս շաբաթ այցելել է «Բիոկաթ» ձեռնարկություն, որն օպերատիվ շտաբի կողմից աջակցություն էր ստացել։ «Հակաճգնաժամային օպերատիվ շտաբի որոշմամբ մենք 120 միլիոն դրամ ենք տրամադրել այդ ձեռնարկությանը։ Արդյունքում այսօր այդ ձեռնարկությունում աշխատում է 40 հոգի, ձեռնարկությունը կայուն ձեւով գյուղացիական տնտեսություններից կաթ է ձեռք բերում եւ արտադրում է որակյալ կաթնամթերք։ Մի կողմից` մենք ապահովում ենք կաթի կայուն գնում, մյուս կողմից` մրցակցություն կաթնամթերքների շուկայում, որովհետեւ „Բիոկաթ“-ի արտադրանքն իր որակական հատկանիշներով միանգամից զբաղեցրեց իր ուրույն տեղը շուկայում։ Նաեւ աշխատատեղերի աճ է տեղի ունենալու այդ ձեռնարկությունում։ Հետեւողականություն նշանակում է, այն, որ ինչպես անցած տարի հայտարարեցինք` օպերատիվ շտաբի բոլոր որոշումները պետք է լինեն հրապարակային»,- նկատել է վարչապետն ու նշել, որ կառավարության նպատակն է, որ հասարակությունը եւս հնարավորություն ունենա վերահսկելու` ինչպես են ծախսվում այս միջոցները եւ արդյոք ծառայում են իրենց բուն նպատակին, թե ոչ։

Կառավարության ղեկավարը նշել է նաեւ, որ Բնապահպանության նախարարությունը պատրաստել է ազգային ծրագիր՝ «Մաքուր հայրենիք» անվամբ, որով նախատեսված առաջին ակցիան կայանալու է մայիսի 29-ին, Երեւան քաղաքում՝ հասարակական կազմակերպությունների հետ։