Պարզ է մեկ բան՝ ճգնաժամի հետեւանքները հաղթահարված չեն ու խոսքերով չէ, որ դրանք կարող են հաղթահարվել: Բազմաթիվ անգամ ասել ենք՝ խոսքից գործի անցնելը կլինի ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու միակ ռեալ երաշխիքը՝ NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը:

Նա այսպես է արձագանքել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մայիսի 20-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ արած հայտարարությանը, թե ՝ «արդեն իսկ ակնհայտ է, որ հակաճգնաժամային մեր միջոցառումները տվել են դրական արդյունք, եւ տնտեսական աճն արդյունաբերությունում բավական մեծ թափ է ստանում»: Ա.Մինասյանը նաեւ հավելել է. «Այն, ինչ կառավարությունը հայտարարել է որպես հակաճգնաժամային միջոցառում, որեւէ առնչություն չունի այն ամեն հետ, ինչ կատարվում է իրականում: Եւ ծրագրերի մեծ մասը այդպես էլ մնացել են թղթի վրա, որպես գեղեցիկ խոսքերի մեծ կույտ: Իսկ իրականությունը դառն է, դժվար, եւ այդ իրականությունը շտկելու, Հայաստանը դեպի բարեկեցություն ուղղորդելու համար պահանջվում են առավել գրագետ, լուրջ մոտեցումներ՝ կառավարության գործողություններում»: ՀՅԴ-ական պատգամավորը ընդգծել է նաեւ, որ «քանի դեռ չի հրապարակվել այն հիմքը, ինչի վրա վարչապետը կառուցել է իր խոսքերը, եւ քանի դեռ ազգաբնակչության համար ցույց տրված չէ, թե դրական առումով ի՞նչ որակական փոփոխություններ են տեղի ունեցել, գործադրի այդ եւ մնացած հայտարարությունները կմնան որպես պոպուլիստական հայտարարություններ»:

Արծվիկ Մինասյանը, պատասխանելով NEWS.am-ի մյուս դիտարկմանը՝ գործող կառավարությունը ռեսուրս ունի՞ խոսքից գործի անցնելու եւ տնտեսական վիճակը բարելավելու համար, նկատել է. «Եթե ի վիճակի լիներ՝ մինչեւ հիմա ձեռնարկած կլիներ: Այս կառավարությանը պակասում են ոչ միայն ռեսուրսները, խոսքից գործի անցնելու խիզախությունն ու կամքը, այլ նաեւ իրական պատկերացումը տնտեսության մասին: Եթե չկա այդ պատկերացումը, անիմաստ կլինեն նաեւ այն բարելավվելուն ուղղված միջոցառումները»: Այդ դեպքում ինչու՞ չեք պահանջում կառավարության հրաժարականը՝ NEWS.am-ի այս հարցին էլ Արծվիկ Մինասյանն արձագանքել է, թե հարցը ճիշտ հասցեով տրված չէ եւ այն պետք է ուղղել ԱԺ մեծամասնությանը: «Մենք մեր տնտեսագիտական վերլուծությունը ներկայացրել ենք, մնացածը պետք է որոշի ԱԺ մեծամասնությունը՝ պահանջե՞լ կառավարության հրաժարականը, թե՞ ոչ»:

Նշենք, որ վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» պատրաստվում են պահանջել կառավարության հրաժարականը: