Հայաստանի կառավարությունը մայիսի 20-ին կայացած նիստում որոշում է կայացրել փոխել կոնյակի անվանումը:
Ավանդական խմիչքը, որը դարձել էր մեր երկրի այցեքարտերից մեկը, այսուհետ կոչվելու է «արբուն» անվամբ:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործադիրը որոշել է «Արբուն» բառը սահմանել որպես բրենդիի ապրանքային անվանում, այդ որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ տարիների ընթացքում արտադրանքի մակնշվածքում թույլատրել «Բրենդի» եւ «Արբուն» ապրանքային անվանումների զուգահեռ գործածությունը։ Հայաստանի վարչապետը նշել է, որ սույն որոշումն ընդունվում է մասնագիտացված բոլոր կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի քննարկման արդյունքում։
Նշենք, որ «արբուն» անունը առաջարկել էր գյուղատնտեսության նախարարությունը: Պռոշյանի գործարանն առաջարկել էր կոնյակը վերանվանել «Արմենակ», Երեւանի կոնյակի գործարանը առաջարկել էր «Գինայր», իսկ ֆինանսների նախարարությունը՝ «Արկոն»:



























