Եվրախորհրդարանը մայիսի 20-ի լիագումար նիստում ընդունել է թիվ 2216 բանաձեւը, որը վերաբերում է Եվրամիության քաղաքականությանը Հարավային Կովկասում։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանին, բանաձեւի հեղինակը՝ բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը նիստի ընթացքում հայտարարել է. «Հարավային Կովկասը Եվրամիության համար զուտ սահմանակից տարածաշրջան չէ։ Միության համար այն ռազմավարական նշանակություն ունի թե տնտեսական, թե քաղաքական եւ թե անվտանգության նկատառումներից ելնելով»:

ԵՄ ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հարավկովկասյան երեք պետությունների ղեկավարներին զգուշացրել է, որ համագործակցությունն առանց բարեփոխումների անհնարին է. «Եվրամիության հետ մերձեցման պարտավորությունը, որ ստանձնել են մեր հարավկովկասյան գործընկերները, պետք է հանգեցնի քաղաքական կայունության ամրապնդմանը, ժողովրդավարության ու շուկայական տնտեսության ուղղությամբ հետագա առաջընթացին։ Մենք կոչ ենք անում Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին առաջ շարժվել ժողովրդավարության, բազմակածության վրա հիմնված ժամանակակից հասարակության ստեղծման ու հարեւանների հետ խաղաղության հաստատման ուղղությամբ»:

Փաստաթղթում նշվում է, թե «Հայաստանում լրագրողների դեմ հարձակումները, ինչպես նաեւ ընդդիմության ակտիվիստ եւ լրագրող Նիկոլ Փաշինյանի` հունիսի 18-ի համաներումից հետո էլ շարունակվող ազատազրկումը մտահոգում են եվրոպացի խորհրդարանականներին»: Փաստաթուղթը անդրադառնում է հարավկովկասյան սառեցված հակամարտություններին, նախեւառաջ ԼՂ խնդրի լուծմանը։ «Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ակտիվացնել բանակցային գործընթացը, հրաժարվել բոլոր գործողություններից, որոնք ուղղված են ուժով հաստատված եւ միջազգային օրենքներին չհամապատասխանող ստատուս քվոյի պահպանմանը։ Կողմերին նաեւ կոչ ենք անում զերծ մնալ 1994 թվականին հաստատված հրադադարի խախտումներից»:

Եվրոպական խորհրդարանը նաեւ դատապարտում է Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարը, ինչպես նաեւ կոչ է անում զերծ մնալ սադրիչ քաղաքականությունից ու հռետորաբանությունից, հրահրիչ քայլերից ու պատմության խեղաթյուրումից։

Եվրոպական խորհրդարանը, անհանգստություն հայտնելով, որ հարյուր հարզարավոր փախստականների իրավունքները շարունակում են ոտնահարված մնալ, հայտարարել է. «Այս համատեքստում Եվրոպական խորհրդարանը պահանջում է հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից` թույլ տալով տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները։ Եվրախորհրդարանը պնդում է, որ հայկական ուժերը պետք է արագորեն լքեն ԼՂ-ին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»: «ԼՂ-ին կարող է որոշակի միջանկյալ կարգավիճակ շնորհվել մինչեւ վերջնական կարգավիճակի հստակեցումը, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն կտա անցումային այդ փուլում ապահովել տարածաշրջանի հայ եւ ադրբեջանցի բնակչության խաղաղ համակեցությունն ու համագործակցությունը»:

Եվրախորհրդարանն առաջարկում է Եվրամիության գործադիր մարմիններին դիտորդական մեծաքանակ առաքելություն ուղարկել տարածաշրջան, որը պետք է նպաստի միջազգային խաղաղարար ուժերի ձեւավորմանը։ «Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններն ու հայ-թուրքական հաշտեցումը միմյանցից տարանջատված գործընթացներ են։ Այդ երկու պրոցեսներից մեկում արձանագրված առաջընթացը, սակայն, կարող է լուրջ դրական հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար»,-ասվում է բանաձեւում։