Տարակուսանք է հարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը տեղ չի գտել մայիսի 19-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի կողմից հրապարակված հայտարարության մեջ՝ ասված է Հայ ազգային կոնգրեսի՝ մայիսի 20-ին տարածած հաղորդագրության մեջ։ ՄԻՄՖ-ի հայտարարությունը, հիշեցնենք, նվիրված էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ զեկույցի քննարկմանը։ ՄԻՄՖ-ը միացել էր մի շարք արձանագրումների ու գնահատականների, մասնավորապես՝ մարտի 1-2-ին իշխանությունների կազմակերպած՝ սպանություններով ուղեկցված բռնարարքներին ու առ այսօր դրանց պատշաճ քննության բացակայությանը, արդարադատության համակարգի անկախության բացակայությանը, խոսքի եւ մամուլի, հավաքների ազատության դեմ հարուցված խոչընդոտներին ու սահմանափակումներին, անկախ հեռուստաընկերությունների ապօրինի եթերազրկմանը, լրագրողների եւ այլոց նկատմամբ բռնություններին, իրավապաշտպանների ոչ նորմալ աշխատանքային պայմաններին, ընդհուպ մինչեւ գենդերային խտրականության խնդիրներին:

«Տարակուսանք է հարուցում այն փաստը, որ իրոք գոյություն ունեցող հիմնախնդիրների այս ցանկում տեղ չի գտել ամենակարեւորներից մեկը՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստը, մանավանդ, որ այդ հարցի շուրջ նույնպես լուրջ քննարկում է եղել ՄԱԿ-ի հիշյալ զեկույցի քննարկման ժամանակ։ Համոզված ենք, որ ՄԻՄՖ-ը կգտնի սույն վրիպումը շտկելու ձեւ, մանավանդ, որ ապրիլի 6-ից Երեւանում մեկնարկած իր համաժողովում, իսկ համաժողովի տասնյակ պատվիրակներ նաեւ բազմահազարանոց հանրահավաքում բազմիցս շեշտեցին քաղբանտարկյալների առկայության խայտառակ փաստը՝ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակումը»,-ասված է ՀԱԿ հաղորդագրության մեջ։