Շիրակի մարզ այցելության նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդին ԲՀԿ փոխնախագահի պաշտոնում առաջարկել է Սամվել Բալասանյանի թեկնածությունը, քաղխորհուրդն էլ տվել է իր համաձայնությունը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը: Նրա խոսքով, նման որոշման համար հիմք է ծառայել Սամվել Բալասանյանի՝ քաղաքական եւ կուսակցական շինարարության փորձառությունը։

Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանը ԲՀԿ-ին է անդամագրվել ընդամենը մայիսի 7-ին: Նախկինում Բալասանյանը ՕԵԿ անդամ էր, համանուն խմբակցության պատգամավոր եւ մի առիթով հայտարարել էր, թե իր ճակատիվ գրված է «Օրինաց երկիր»: Իսկ ԲՀԿ անդամ դառնալուց հետո երբ նրան հիշեցրել են այդ խոսքը, Բալասանյանն արձագանքել է, որ ինքը նկատի է ունեցել ոչ թե ՕԵԿ կուսակցությունը, այլ օրինաց երկիր ունենալու ցանկությունը:

Նշենք, որ մայիսի 18-ին Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ Գագիկ Ծառուկյանին ուղեկցել է հենց Սամվել Բալասանյանը: Ծառուկյանը Գյումրիում իր հանդիպումներն ավարտելուց հետո հանդիպել է նաեւ Սամվել Բալասանյանի թիմակիցների հետ։