Հայ-թուրքական հաշտեցման նոր ճանապարհային քարտեզ, ինչպես պնդում է Անկարան, գոյություն չունի, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, դրանք կեղծ տեղեկություններ են, որոնք ինքը մտադիր չէ մեկնաբանել:
Նշենք, որ հայ-թուրքական հաշտեցման նոր ճանապարհային քարտեզի մասին տեղեկությունները տարածել էր Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն` Վաշինգտոնում: Նա, մասնավորապես, նկատել էր, թե Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել որոշ ժամանակ լռություն պահպանել, քանի որ բանակցային սեղանին նոր փաստաթուղթ է հայտնվել, որը քննարկվելու է: «Ես մանրամասների մեջ չեմ ընկնի, բայց սեղանին հրաշալի առաջարկություն կա, եւ դրա ընդունել-չընդունելը կախված է հայերից»,- ասել է Քընըքլըօղլուն:



























