Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը լոբբիստական աշխատանք է ծավալել Ահմեդ Դավութօղլուին Վուդրո Վիլսոնի մրցանակի շնորհումը կանխելու համար, քանի որ Թուրքիայի ԱԳ նախարարը ագրեսիվորեն հերքում է Հայոց ցեղասպանությունը։ Նշենք, որ ինչպես գրում է թուրքական Hurriyet-ը, Ահմեդ Դավութօղլուն այս տարվա հունիսի 17-ին Վուդրո Վիլսոնի մրցանակ է ստանալու «հանրային աշխատանքի համար»: Դեռեւս մարտին Վ. Վիլսոնի միջազգային գիտական կենտրոնը հայտնել է թուրք նախարարին պարգեւատրելու որոշման մասին, նշելով, որ «2009-ը թվականին ստանձնելով ԱԳ նախարարի պաշտոնը` Ահմեդ Դավութօղլուն ակտիվացրել է Թուրքիայի արտաքին հարաբերությունները եւ ավելի է բարձրացրել երկրի դիրքը միջազգային ասպարեզում»:

Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ ամերիկահայերը իրենց խորը հիասթափությունն են հայտում Թուրքիա մեկնելու եւ նախարար Դավութօղլուին մրցանակ հանձնելու` Վուդրո Վիլսոնի կենտրոնի նախաձեռնության առիթով։ Նրանք բողոքի նամակներով դիմել են ամերիկացի սենատորներին եւ կոնգրեսականներին` կոչ անելով պաշտոնապես ուսումնասիրել եւ հրապարակավ արտահայտվել այս խնդրի կապակցությամբ։
ԱՄՆ-ի Կոնգրեսին հասցեագրած նամակում Հայ դատի հանձնախումբը գրել է, որ մրցանակը վարկաբեկում է հայ ազգի խնդրի արդար լուծման` նախագահ Վիլսոնը տեսլականը, Դավութօղլուն ներկայացնում է մի կառավարություն, որը մերժում է արդարությունը հայ ժողովրդի համար։ «Այս մրցանակը հիրավի ծաղրուծանակի է ենթարկում կենտրոնը, դրա հիմքում դրված գաղափարները, նախագահ Վուդրո Վիլսոնի ժառանգությունը», — «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը։