Եվրախորհրդարանի՝ նախօրեին ընդունված հակահայ բովանդակությամբ թիվ 2216 բանաձեւը պարտադիր ուժ չունի: Այդ մասին Ազգային ժողվում լրագրողների հետ զրույցում նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը նաեւ հիշեցրել է բանաձեւի հեղինակ Եվգենի Կիրիլովի մասին, որը «Ադրբեջանի բարեկամներ» խմբի պատվավոր նախագահն է եւ սնվում է ադրբեջանական լոբբիի միջոցներով:

Զորհրաբյանը նշեց նաեւ, որ բանաձեւի քննարկման ժամանակ դահլիճում ներկա է եղել ընդամենը 20 պատգամավոր, որոնք հարցրել են Կիրիլովին, թե ինչու բանաձեւ գրելու համար չի այցելել Լեռնային Ղարաբաղ կամ խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, եւ բուլղարացին որեւէ պատասխան չի կարողացել տալ:

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավոր էլ՝ Արամ Սաֆարյանը, ընգծեց, որ բանաձեւը նույնիսկ այս տեսքով դրական տարրեր է պարունակում: «Առաջին անգամ խոսվում է, որ պետք է օգնություն ցուցաբերել ԼՂՀ-ին եւ նրա ժողովրդին: Նաեւ խոսք չկա Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին»,- մանրամասնեց պատգամավորը:

ԲՀԿ-ական պատգամավորները, ի դեպ, համաձայն չէին Լարիսա Ալավերդյանի այն կարծիքին, թե Հայաստանի պատվիրակությունը վատ է աշխատել: Նաիրա Զոհրաբյանը, ով ԵՄ-Հայաստան միջխորհրդարանական պատվիրակության նախագահն է, նշեց, որ նոր է նշանակվել այդ պաշտոնին, եւ պատվիրակությունը դեռ չի էլ հասցրել նիստ գումարել:

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բուլղար պատգամավոր Եվգենի Կիրիլովի հեղինակած բանաձեւը՝ պահանջելով հայկական ուժերը դուրս բերել «ադրբեջանական օկուպացված տարածքներից»` թույլ տալով տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները։ Եվրախորհրդարանը պնդում է, որ հայկական ուժերը պետք է արագորեն լքեն ԼՂ-ին հարող բոլոր «օկուպացված ադրբեջանական տարածքները»: