Թեեւ հուլիսի 8-ից Երեւանի բնակիչների համար ջրի սակագինը 1 խմ-ի դիմաց դառնալու է 195 դրամ, նախկին 181 դրամի փոխարեն, սակայն այդ 14 դրամ տարբերությունը որոշել է սուբսիդավորել Երեւանի քաղաքապետարանը: Այսինքն արդյունքում ջրի սակագինը Երեւանի սպառողների համար չի թանկանա: Նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ):
Հիշեցնենք, որ «Երեւան ջուր» ընկերությունը Հանձնաժողովին առաջարկել էր ջրի սակագինը հուլիսի 1-ից սահմանել 207 դրամ 1 խմ-ի դիմաց, սակայն ՀԾԿՀ-ն, ուսումնասիրելով սակագնի բարձրացման հիմնավորումները, մասնավորապես՝ վաճառված ջրի ծավալը, սղաճը, եվրո-դրամ փոխարժեքի տատանումները, նման բարձրացումը համարել է անհիմն եւ սակագինը բարձրացրել միայն 14 դրամով:
«Երեւան ջուր» ընկերության տվյալներով, Ընկերությունը տարեկան կտրվածքով պետք է իրացնի շուրջ 54 մլն խմ ջուր, մինչդեռ Հանձնաժողովը կարծում է որ այն կլինի ավելի շատ՝ 61.5 մլն խմ։



























