Առաջին անգամ միջազգային «Կովկաս-2009» խորհրդաժողովին չեն մասնակցում Ադրբեջանի ներկայացուցիչները: Ինչպես մայիսի 21-ին բացման արարողության ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ադրբեջանցի փորձագետը չի ժամանել իրենից անկախ պատճառներով:
«Ադրբեջանի բացակայությունը կապված է այդ երկրում ներքաղաքական իրավիճակի հետ»,- նկատել է Իսկանդարյանը: Նրա խոսքով, ադրբեջանցի փորձագետը պետք է հանդես գար 2009թ. Ադրբեջանի իրավիճակի մասին զեկույցով:
Մայիսի 21-ին Երեւանում կայացել է «Կովկաս-2009» միջազգային խորհրդաժողովի բացումը, որի ընթացքում քաղաքագետները, լրագրողներն ու քաղաքական գործիչները՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից եւ մի շարք եվրոպական երկրներից, քննարկելու են Հարավային եւ Հյուսիսային Կովկասի իրավիճակը 2009թ.:




























