ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ՀՀ Ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի շատ բարձր մակարդակի վրա գտնվող հայ-չինական հարաբերությունների զարգացմանը:
Չինաստանի դեսպանը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյի ողջույնները: Նրա խոսքով` Հայաստանի ու Չինաստանի խորհրդարանների միջեւ շատ լավ հարաբերություններ են հաստատված, իսկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի` Չինաստան կատարած այցը լուրջ խթան հանդիսացավ դրանց, ինչպես նաեւ այլ ոլորտներում կապերի ակտիվացման համար:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ, չնայած երկրների միջեւ առկա մեծ հեռավորությանը, ամեն ինչ պիտի անել` զարգացնելու հարաբերությունները բոլոր ոլորտներում, ինչի համար մեծ ներուժ կա: ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է անցկացնել գործարար համաժողովներ` երկու երկրների գործարարների միջեւ շփումներն ակտիվացնելու նպատակով: Նա իր պատրաստակամությունը հայտնեց որպես խորհրդարանի նախագահ աջակցել փոխհարաբերությունների զարգացմանը եւ ընդլայնմանը:



























