ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Մայիսի 23-ի առավոտյան կնոջ հետ Ստեփանակերտում այցելել է ընտրատեղամաս, որպեսզի մասնակցի ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին: Ընտրատեղամասի մոտ լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ նոր խորհրդարանից սպասում է ավելի որակյան աշխատանք: «Ես կարծում եմ, որ մենք ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի նոր խորհրդարանը կատարի մեր երկրի պահանջները ավելի բարձր մակարդակով»,- ասել է Բակո Սահակյանը:
Նա նշել է, որ այսօր հպարտությամբ է քվեարկում: «Հաճելի է ապրել այն երկրում, որտեղ հարգում են արժեքները»,- հայտարարել է ԼՂՀ նախագահը: Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է NEWS.am-ի սեփական թղթակիցը, Սահակյանը տեղեկացրել է, որ ընտրությունների նախօրեին հանդիպել է քաղաքական ուժերի ու պետական կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք «պատասխանատվություն են կրում ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար»:
«Ես ցանկանում եմ նրանց շնորհակալություն հայտնել: Բայց առաջին հերթին ես շնորհակալ եմ Արցախի ժողովրդին նրա համար, որ նա գիտակցում է այս իրադարձության կարեւորությունը»,- ընդգծել է Բակո Սահակյանը:
Խորհրդարանական ընտրությունները Ղարաբաղում անցկացվում են մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերով: 33 հոգանոց խորհրդարանում 17 մանդատի համար պայքարում են 4 կուսակցություններ. «Ազատ Հայրենիքը» (այս կուսակցությունը գլխավորում է երկրի վարչապետ Արա Ահարությունյանը) 38 հոգանոց ընտրացուցակով, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (գլխավորում է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը) 32 հոգանոց ցուցակով, ՀՅԴ-ն` 17 հոգանոց ցուցակով եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը` 7 հոգանոց ցուցակով: Մեծամասնական ընտրակարգով 16 մանդատի համար պայքարում են 46 թեկնածուներ: Խորհրդարանում անցողիկ նվազագույն շեմը 10 տոկոսից իջեցվել է 6 տոկոսի: Ընտրական ցուցակներում ընդգրկված է 94 900 քաղաքացի: Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե ապահովվի ընտրողների 25 տոկոս մասնակցություն:




























