Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Պատգամավորական տեղերի համար պայքարն ընթանում է խառը՝ մեծամասնական-համամասնական ընտրակարգերով:

33-տեղանոց խորհրդարանի 17 տեղերին հավակնում են չորս կուսակցություններ՝ «Ազատ հայրենիքը» (առաջնորդը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն է)՝ 35 հոգանոց ցուցակով; "Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (առաջնորդը խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն է)՝ 32 հոգանոց ցուցակով, ՀՅԴաշնակցությունը՝ 10 հոգի, եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը՝ 5 թեկնածուներով: Մեծամասնական ընտրակարգով (16 տեղ) մանդատի համար պայքարում են 40 թեկնածուներ:

Վերլուծաբանները կարծում են, թե ներկայումս Լեռնային Ղարաբաղում իրական ընդդիմադիր ուժ չկա: NEWS.am-ը ներկայացնում է 5-րդ գումարման խորհրդարանի տեղերին հավակնող բոլոր 4 կուսակցությունների ներկայացուցիչների կարծիքները.

Արմեն Սարգսյան. ՀՅԴ համամասնական ընտրացուցակի առաջին համարը.

Մենք քաղաքական դաշտը չենք բաժանում ընդդիմադիր եւ կառավարամետ ուժերի: Մենք ունենք մեր ծրագիրը, նպատակներն ու միջոցները: Մենք գործում ենք՝ ելնելով մեր գաղափարախոսությունից՝ ուշադրություն չդարձնելով, թե ինչ գնահատականի է արժանանում՝ ընդդիմադիր, թե՞ իշխանամետ: Եթե այս կամ այն որոշումը համապատասխանում է մեր պատկերացումներին եւ գաղափարախոսությանը, մենք աջակցում ենք դրան՝ անկախ, թե ում կողմից է առաջ քաշված: Կարծում եմ՝ դա միակ ճիշտ ուղին է:

Դոնարա Գաբրիելյան, Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ.

Լեռնային Ղարաբաղում ընդդիմություն, որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ բոլոր ղարաբաղցիները հասկանում են, թե ինչ անորոշ վիճակում ենք գտնվում: Հրադադարը կարող է խախտվել ամեն վայրկյան, եւ մենք ուղղակի իրավունք չունենք ռիսկի դիմել եւ առաջին պլան մղել մեր սեփական հավակնությունները: Հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, Ղարաբաղում արմատական ընդդիմություն լինել չի կարող:

Հրանտ Մելքումյան, Լեռնային Ղարաբաղի կոմկուսի առաջնորդ.

Որպեսզի լինի ընդդիմություն, պետք է հստակ գաղափարախոսություն լինի, որպիսին այսօր պարզապես չկա: Մեր խորհրդարանն ունի պատճեն է ոչ ավելի: Խորհրդարանում պարտադիր պետք է ընդդիմություն լինի, թեկուզ նրա համար, որ մատնանշի թերություններն ու խորհրդարանի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնի: Ինչպե՞ս կարելի է խոսել ընդդիմության բացակայության մասին, եթե մեր կուսակցությունը Ղարաբաղի ապագան տեսնում է սոցիալիստական լույսի ներքո: Մենք հանդես ենք գալիս իրական ժողովրդավարության, այլ ոչ թե արեւմտյան երկակի չափորոշիչների օգտին, որոնք միայն կրում են «ժողովրդավարություն» անունը: Հայտարարում եմ, որ կոմունիստները ընդդիմություն են, եւ եթե արդար ընտրություններ լինեն, մենք կստանանք 10-12 տոկոս ձայն:

Ռուսլան Իսրայելյան, «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ

Կարծում եմ՝ չի կարելի խոսել ընդդիմության մասին Ղարաբաղում՝ համընդհանուր ընդունված մոտեցումներով: ԼՂՀ-ն յուրօրինակ պետություն է, եւ այստեղ կարեւոր է համախմբվածությունը, ոչ թե քաղաքական տարակարծությունները:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի նախագահը ընտրությունների նախօրեին հայտարարեց, թե երկրում կան ընդդիմադիր տրամադրություններ: