Հայաստանի պատվիրակությունն ավարտել է ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված իր դիտորդական առաքելությունը եւ հանդես է եկել հայտարարությամբ: ՀՀ Աժ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, որ գլխավորել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը, նշել է, որ ԼՂՀ ԱԺ ընտրությունները բավական ժողովրդավարական էին, համապատասխանում էին միջազգային չափանիշներին եւ եւս մեկ անգամ փաստեցին, որ Լեռնային Ղարաբաղը գնում է ժողովրդավարության ճանապարհով:

«Մենք կարծում ենք եւ այս ընտրությունների դիտարկման արդյունքում եկանք այն եզրահանգման, որ ԼՂՀ ԱԺ ընտրությունները կարող են օրինակելի լինել տարածաշրջանային բոլոր երկրների համար, եւ առաջին հերթին՝ Ադրբեջանի համար»,-ասել է Է. Շարմազանովը եւ հավելել, որ Արցախի ժողովուրդն այս ընտրություններով ապացուցել է՝ ժողովրդավարական արժեքները Լեռնային Ղարաբաղում այլընտրանք չունեն:

ՀՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, էական խախտումներ չեն գրանցվել: Որպես բացթողում նշվել է ընտրողների ցուցակների համակարգչային մշակումն ավարտին չհասցնելը, ինչի պատճառով առանձին քաղաքացիների անուններ դուրս են մնացել ցուցակներից: Ընդհանուր առմամբ մայիսի 23-ի ԼՂՀ ԱԺ ընտրություններն անցկացվել են թափանցիկ, արդարացի, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան եւ կարող են գնահատվել որպես հերթական առաջընթաց քայլը ԼՂՀ-ի ժողովրդավարական զարգացման ճանապարհին: