«Հայփոստ» ՓԲԸ-ն եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ԲԻՎԻ»-ն հայտարարում են Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «Լա Փոստ ԷսԷյ»-ի հետ համագործակցության պայմանագրի կնքման մասին, որն ուղղված է «Հայփոստ»-ի զարգացմանը: Ծրագրով նախատեսվում է «Հայփոստը» դարձնել ժամանակակից, արդյունավետ եւ արդիական տեխնիկայով հագեցած փոստային օպերատոր, որը հնարավորություն կտա մատուցել առավել որակյալ փոստային եւ հարակից ծառայություններ:

Ֆրանսիական «Լա Փոստ ԷսԷյ»-ի փորձագետների խումբը շուտով կժամանի Հայաստան` նախաձեռնելու զարգացման ծրագրի մշակումը եւ Մաստեր պլանը, որին կհաջորդի ծրագրի արագ եւ արդյունավետ ներդրումն ու իրականացումը:

«Հայփոստ» ՓԲԸ-ի, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ԲԻՎԻ»-ի եւ ֆրանսիական «Լա Փոստ ԷսԷյ»-ի միջեւ ներկայիս պայմանագրին կհաջորդեն լրացուցիչ պայմանագրեր, որտեղ առավել մանրամասն կներկայացվեն կողմերի նախատեսած գործառույթների եւ ծառայությունների բարեփոխման ծրագիրը եւ ավելի կխթանեն «Հայփոստ»-ի եւ «Լա Փոստ»-ի համագործակցությունը:

«Լա Փոստ ԷսԷյ»-ի աջակցությամբ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ ԲԻՎԻ»-ն մտադիր է ՀՀ օրենսդրության շրջանակներում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային եւ ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում, որը կառաջարկի ժամանակակից փոստային եւ հարակից ծառայություններ ինչպես ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ այլ երկրների անհատներին եւ ընկերություններին, ովքեր ընտանեկան, սոցիալական եւ տնտեսական կապեր ունեն Հայաստանի հետ: