«Մոսկվան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն»: Այս մասին, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն՝ մեկնաբանելով մայիսի 23-ին Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունները:
«Մոսկվան սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես եւ միջազգային իրավունքով նախատեսված մյուս բոլոր նորմերն ու սկզբունքները։ Ինչպես հայտնի է, մենք չենք ճանաչում ԼՂ-ն որպես անկախ պետություն։ Մեր համոզմամբ՝ նրա ապագա կարգավիճակը պետք է որոշվի առանց ուժի կիրառման՝ մինսկյան գործընթացի շրջանակներում, որպես բոլոր կողմերի քաղաքական բանակցությունների արդյունք»,-մասնավորապես ասել է նա ու հավելել. «Միաժամանակ, Մոսկվայում չեն կարծում, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կարող էր կախված լինել ԼՂ-ում ընտրությունների անցկացմամբ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա սերտորեն համագործակցելով ԵԱՀԿ ՄԽ-ի իր գործընկերների՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ, նա այսուհետ եւս ակտիվորեն կօգնի ադրբեջանցիներին եւ հայերին՝ հնարավորինս շուտ հանգել ղարաբայան հանգույցի փոխզիջումային լուծմանը»:




























