Այսուհետ իրենց ազատ ժամանակը քաղաքի կենտրոնում տեղակայված որեւէ սրճարանում անցկացնել ցանկացող կամ Ազատության հրապարակում զբոսնելու մտադրություն ունեցող վարորդները հնարավորություն կունենան իրենց մեքենաները կանգառել հարմարավետ եւ գերժամանանակից ավտոկանգառում։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ այսօր Ազատության հրապարակում բացվել է 500 ավտոմեքենայի համար հաշվարկված եռահարկ ստորգետնյա ավտոկանգառը։

Նախագահը խոստովանել է, որ գոհ է նախագծի իրականացումից, սակայն զերծ է մնացել կոնկրետ գնահատականներ տալուց։ «Ամեն ինչ պարզ կդառնա օբյեկտի շահագործումից հետո» ,- նկատել է Սարգսյանը։ Նախագիծն իրականացվել է իտալական «Renco S.p.A.» շինարարական ընկերության կողմից։ Շինարարական աշխատանքները սկսվել էին երկու տարի առաջ եւ արժեցել շուրջ 10 մլն դոլար։ Իդեպ, ընկերությունը կարգի է բերել նաեւ Ազատության հրապարակը՝ տեղադրելով լուսավորության ժամանակակից համակարգ եւ նստարաններ։ Ավտոկանգառման մեկ ժամն արժենալու է 100 դրամ։ Սակայն ինչպես հայտնել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, մշտական հաճախորդների համար զեղչեր են գործելու։ Սակայն քաղաքապետն այդպես էլ չի պատասխանել այն հարցին, թե բարեկարգված Ազատության հրապարակում թույլատրվելո՞ւ է ցույցեր անցկացնել։

«Շինարարական երկարատեւ աշխատանքների արդյունքում մենք ստորգետնյա հրաշալի ավտոկանգառ ունենք, եւ պետք չէ հարցը քաղաքականացնել»,- լրագրողների հարցին պատասխանել է Բեգլարյանը։

Նշենք, որ «Renco S.p.A.» ընկերությունը ներկայումս իրականացնում է եւս մեկ նախագիծ՝ 3200 հանդիսատեսի համար նախատեսված հեծանվահրապարակի կառուցում ադմիրալ Իսակովի պողոտայում։ Հեծանվահրապարակին կից կկառուցվեն կոնֆերենս-դահլիճներ, հանդերձարաններ, ճաշարան, մարզադահլիճ, 240 մեքենայի համար հաշվարկված ավտոկանգառ։ Ընդհանուր ծրագիրը կարժենա 13 մլն դոլար։