Վերջապես թույլտվություն է ստացվել Վանի Ախթամար կղզու Ս.Խաչ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Այս մասին հայտնել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը:

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ`Atlas ամսագրի հարցերին պատասխանած Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտնել է, որ Ախթամարի Ս.Խաչի վրա խաչ տեղադրելու որոշումը կայացրել է Վանի բնության եւ մշակույթային ունեցվածքի պահպանության վարչությունը: Գյունայը նշել է, որ որոշումը նոր է կայացվել եւ հասարակությունը իրենից առաջինն է լսում այդ մասին: Նախարարի խոսքով` մինչ սեպտեմբերի պատարագը, խաչը կտեղադրվի եկեղեցու գմբեթին:

Պոլսո Հայոց պատրիարքարանի Հոգեւոր խորհրդի առաջնորդ, արք. Արամ Աթեշյանը նշել է, որ իրենց պաշտոնական հաղորդագրություն դեռ չի եկել:

Նշենք, որ 2010-ի սեպտեմբերի 19-ին Վանի Ախթամար կղզու Ս.Խաչ եկեղեցին կվերաբացվի կրոնական արարողությունների համար: