Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա ընկերություններում պետական կառավարիչների նշանակման դեմ, հայտնել է AFP-ն։

«Բավական է։ Մենք այլևս չենք կարող շնչել», — վանկարկում էին ցուցարարները, որոնց թվում էին լրագրողներ, իրավապաշտպաններ և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։

Ստամբուլի ասիական կողմում, ոստիկանության տվյալներով, հավաքվել էր առնվազն 3 հազար մարդ։ Նրանք պահում էին բանտարկված լրագրողների լուսանկարները և վանկարկում. «Մենք թույլ չենք տա մեզ լռեցնել» և «Մենք չենք ենթարկվի ճնշմանը»։

Թուրքիայի լրագրողների միության տվյալներով՝ վերջին երկու ամիսների ընթացքում կալանավորվել է 11 լրագրող, մի քանի լրատվամիջոցներ դադարեցրել են իրենց աշխատանքը։ Իրավապաշտպանները կարծում են, որ վերջին շաբաթներին անկախ մամուլի նկատմամբ ճնշումն ուժեղացել է։

Թուրքիայում խոսքի ազատությունը ենթարկվում է ավելի խիստ սահմանափակումների՝ 2016 թվականի ձախողված պետական հեղաշրջման փորձից հետո։ Իշխանությունները լայնածավալ դատական հետապնդումներ են իրականացնում և սահմանափակում են թվային հարթակների հասանելիությունը։

Հոկտեմբերի սկզբին ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Halk TV-ում՝ երկրի ամենահայտնի լրատվական հեռուստաալիքում, դադարեցրել է դրա հեռարձակումը և նշանակել պետական կառավարիչ։ Այս քայլը դարձել է իշխանությունների միջամտության հերթական դեպքը այն լրատվամիջոցների աշխատանքին, որոնք քննադատաբար են տրամադրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կառավարության նկատմամբ։