ԱՄՆ-ի հետ նոր կործանիչների ստեղծման վերաբերյալ համաձայնագիր կնքելու Թուրքիայի ցանկությունը երկընտրանքի առջեւ է կանգնեցրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, գրել է Financial Times-ը:
Թուրքական ռազմաօդային ուժերը կախված են հնացած F-16 կործանիչներից, ինչը կարող է բերել նրան, որ Թուրքիան հետ կմնա տարածաշրջանային այնպիսի մրցակիցներից, ինչպիսիք են Հունաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք երկուսն էլ ԱՄՆ-ից հաջորդ սերնդի F-35 ինքնաթիռներ ստանալու համար «հերթում» են:
Թուրքիան հեռացվել է ԱՄՆ-ի գլխավորած F-35-ի ծրագրից՝ Ռուսաստանից Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգ ձեռք բերելուց հետո, եւ այդ ժամանակվանից ի վեր փնտրում է այլընտրանքներ՝ ներառյալ սեփական կործանիչի ստեղծումը:
Այնուամենայնիվ, Անկարան ձգտում է արդիականացնել եւ ընդլայնել իր գործող F-16 կործանիչները՝ խնդրելով Վաշինգտոնին հաստատել ամերիկյան Lockheed Martin արտադրողի հետ նոր գործարքը, որը կարող է օգնել բարելավել հարաբերությունները ՆԱՏՕ-ում երկու դաշնակիցների միջեւ:
«Այստեղ հնարավորություն կա... Սա կլինի երաշխիքը այն բանի, որ թուրքական պաշտպանական արդյունաբերությունը, կամ առնվազն դրա զգալի տարրը, կշարունակի մասնակցել տրանսատլանտյան հարաբերություններին: Սա է ելքը մեր առջեւ ծառացած երկընտրանքից, որը ալիքային ազդեցություն կունենա շատ այլ ոլորտներում», - ասել է թուրք նախկին դիվանագետ Ալփեր Ջոշքունը:
Ս-400-ները «հիմնական խոչընդոտ» են ԱՄՆ Կոնգրեսի կողմից Թուրքիային F-16-ի վաճառքի հաստատման համար, ասել է Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի մերձավորարեւելյան ծրագրի տնօրեն Արրոն Շտայնը: «Ոչ թե սպառնալիքի, այլ դժգոհություն պատճառով»:
Այսպիսով, Բայդենը կանգնած է երկընտրանքի առջեւ: Կամ ԱՄՆ նախագահը հավանություն կտա F-16-ի գործարքին, սակայն կմեղադրվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաճոյանալու մեջ, կամ կմերժի վաճառքը եւ առիթ կստեղծի Էրդողանի համար Ռուսաստանի հետ պաշտպանական հարաբերությունները խորացնելու համար: «Եթե ամերիկացիները չհաստատեն այս գործարքը, ի՞նչ կանի Թուրքիան: Նա կգնի ռուսական կամ չինական ապրանք», - եվրոպացի դիվանագետի խոսքերն է մեջբերում հեղինակը: «Նա ստիպված կլինի լրացնել ստեղծված բացը»:




























