Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին օրենքի գերակայության վերաբերյալ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ բուռն բանավեճում ԵՄ-ին շանտաժի մեջ է մեղադրել, հայտնում է BBC-ն:

Եվրախորհրդարանում տեղի ունեցած բախումը հաջորդել է Լեհաստանի բարձրագույն դատարանի վճռին, որը մերժել է ԵՄ օրենսդրության հիմնական դրույթները:

Ֆոն դեր Լյայենն հայտարարել է, որ հնարավորը կանի, որպեսզի թույլ չտա Լեհաստանին խաթարել ԵՄ արժեքները: Ի պատասխան՝ Մորավեցկին մերժել է «սպառնալիքների լեզուն» եւ ԵՄ-ին մեղադրել է իր լիազորությունները գերազանցելու մեջ:

Վերջին սկանդալն ավարտվել է Լեհաստանի Սահմանադրական դատարանի աննախադեպ եւ վիճելի վճռով, որն իրականում մերժում է ազգային օրենսդրության նկատմամբ ԵՄ իրավունքի գերակայության հիմնական սկզբունքը:

Ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանին հայտնել է, որ Եվրահանձնաժողովը` ԵՄ գործադիր մարմինը, «ուշադիր գնահատում է այս որոշումը»: Նա ասել է, թե իրավիճակը պետք է լուծել, բայց անդրդվելի է եղել. «Այս որոշումը կասկածի տակ է դնում Եվրոպական միության հիմքերը: Սա ուղղակի մարտահրավեր է եվրոպական իրավակարգի միասնությանը»:

Խոստանալով քայլեր ձեռնարկել՝ ֆոն դեր Լյայենը ներկայացրել է երեք տարբերակ, որոնցով Եվրահանձնաժողովը կարող է արձագանքել Լեհաստանի դատարանի որոշմանը: Նրա խոսքով, այդ տարբերակների էությունը դատարանի որոշումն օրինականորեն վիճարկելն է, ԵՄ միջոցները պահելը եւ Լեհաստանի՝ որպես անդամ պետության որոշ իրավունքների կասեցումը:

Եվրահանձնաժողովը դեռ չի հաստատել Covid-19-ից վերականգնման նպատակով Լեհաստանի համար նախատեսված 57 միլիարդ եվրո միջոցները, եւ դա չի կարող անել այնքան ժամանակ, քանի դեռ վեճը լուծված չէ։