Լեհաստանում իշխող կուսակցության առաջնորդը ներկայացրել է «հայրենիքի պաշտպանության մասին» օրինագծի պլանները։ Նրա խոսքով՝ օրենքն ուղղված է զինված ուժերի «արմատական» հզորացմանը, քանի որ երկիրը միգրացիոն ճնշման է բախվում իր արեւելյան հարեւան Բելառուսի կողմից, հայտնում է Reuters-ը։
Փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին օրինագծի ընդունման պատճառ է համարել միջազգային իրավիճակի վատթարացումը։ Նրա բերած օրինակները ներառում են «Ռուսաստանի կայսերական հավակնությունները» եւ «հիբրիդային պատերազմը, որը Բելառուսը վարում է Լեհաստանի եւ Եվրամիության այլ երկրների դեմ՝ օգտագործելով միգրանտներին»:
«Եթե մենք ուզում ենք խուսափել վատագույնից, այսինքն՝ պատերազմից, մենք պետք է գործենք հին կանոնի համաձայն. «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- ասել է Կաչինսկին Վարշավայում կայացած մամուլի ասուլիսին:
Ըստ նրա՝ Լեհաստանը, որպես Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում տեղակայված երկիր, պետք է լուրջ զսպող գործոն եւ «միայնակ երկար ժամանակ արդյունավետ պաշտպանվելու կարողություն» ունենա։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի Լեհաստանը պատկանի հզոր բանակ ունեցող երկրների շարքին»,- ասել է Կաչինսկին՝ ելույթ ունենալով պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի հետ։
Կաչինսկու խոսքով՝ օրինագիծը նախատեսված է փոխարինել 1967թվական օրենքը: Նա կաջակցի պաշտպանության բյուջեի եւ բանակի ծավալների ավելացմանը, ինչպես նաեւ հավաքագրման ավելի պարզ կանոնների ներդրմանը, սակայն պարտադիր զինվորական ծառայության վերականգնում չի նախատեսում:
Կաչինսկին նաեւ ասել է, որ Լեհաստանը հույս ունի ուժեղացնել իր ուժերը՝ գնելով ամերիկյան արտադրության ռազմական տեխնիկա, սակայն ուշադրություն կդարձնի նաեւ եվրոպական արտադրության զենքերին։




























