EuroMillions վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը՝ 220 մլն եվրո, շահել է Ֆրանսիական Պոլինեզիայի բնակչուհին։ Ինչպես նշվում է մոլախաղերի ֆրանսիական կարգավորողի՝ Francaise des jeux (FDJ) ուրբաթ տարածված հաղորդագրությունում, աղջիկը կյանքում առաջին անգամ էր խաղում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«FDJ-ն հանձնեց պատմական գումարը՝ 220 մլն եվրոն, որը հավասար է 26,2 մլրդ խաղաղօվկիանոսյան ֆրանկի, EuroMillions-ի հոկտեմբերի 15-ի տիրաժի հաղթողին, որն իր շահումը հաստատեց Թայիթիում»,- ասվում է կարգավորողի հաղորդագրությունում։

Շահողը, որի անունը չի հրապարակվում, ասել է, որ հայրը կանոնավորապես գնում է վիճակախաղի տոմսեր, բայց ինքը «լավ պահի էր սպասում» եւ վերջապես գնեց տոմս՝ վստահելով ինտուիցիային։ Նա նաեւ խոստովանել է, որ շահումը վերցնելուց առաջ մի քանի անգամ փոխել է տոմսի տեղը եւ ինչ-որ պահի վախեցել, որ կմոռանա, թե ուր է դրել այն;

Մինչ օրս ամենամեծ ջեքփոթը, որը շահել են վիճակախաղի մասնակիցները, 200 մլն եվրո է եղել, այդ գումարը շահել էր Ֆրանսիայի բնակիչը 2020թ.։ Երկու անգամ 190 մլն եվրո շահել են Մեծ Բրիտանիայի բնակիչները (2012 եւ 2019թթ.), 2014թ. շահումը մեկնել է Պորտուգալիա, իսկ 2017-ին՝ Իսպանիա։

EuroMillions վիճակախաղը անցկացվում է Եվրոպայում 2004 թվականից։ Սկզբում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում։ Ավելի ուշ միացան Ավստրիան, Բելգիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Շվեյցարիան եւ Լիխտենշտեյնը։ Վիճակախաղի կանոնների համաձայն՝ հաղթողը իրավունք ունի չնշել անունը։ Հենց այդպես է վարվում եվրոպացիների ճնշող մեծամասնությունը, ովքեր մեկ վայրկյանում դառնում են խոշոր կարողության տեր։