Գրետա Թունբերգը կեղծարարներ է անվանել համաշխարհային առաջնորդներին, որոնք մասնակցում են Կլիմայի փոփոխության հարցով ՄԱԿ-ի 26-րդ համաժողովին (COP26)։ Նա համաժողովը ձախողում է անվանել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս համաժողովը նույնն է, ինչ բոլորը, բայց դրանք ոչ մի բանի չեն հանգեցրել։ Պարզապես քաղաքական գործիչները եւ մարդիկ, ովքեր ունեն իշխանություն, ձեւացնում են, թե իրենց հետաքրքիր է ապագան»,-ասել է նա։
Աղջկա խոսքով՝ քաղաքական գործիչները սկզբունքորեն չեն կարողանում գլուխ հանել Երկրի կլիմայի փոփոխության խնդրից, եւ հասարակությունը, որը կդառնա փոփոխությունների շարժիչը, պետք է վճռական միջոցներով հասնի փոփոխությունների։ «Մարդիկ չպետք է համակերպվեն անվերջ «բլա-բլա-բլա»-ի հետ»,-հավելել է Թունբերգը։
Ընդհանուր առմամբ Գլազգոյում հավաքվել է ավելի քան 25 հազար մարդ 196 երկրներից՝ մասնակցելու COP26-ին։ Նրանց թվում են նաեւ քաղաքական գործիչներ, լրագրողներ, շահույթ չհետապնդող կազմակերպությունների եւ բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց անվտանգությունն ապահովում է 10 հազար ոստիկան։ COP26-ն ամփոփում է հնգամյա ցիկլը, որը մեկնարկել է 2015 թվականին Փարիզի կլիմայական համաձայնագրերով: Այդ ժամանակ COP21-ն ընդունեց Փարիզի կլիմայի համաձայնագիրը, որը նպատակ էր դրել նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները եւ կանխել մոլորակի վրա գլոբալ միջին տարեկան ջերմաստիճանը մինչեւ 2100 թվականը ավելի քան երկու աստիճանով՝ գերազանցելով նախաարդյունաբերական մակարդակը։Բազմաթիվ փորձագետների գնահատականներով՝ առայժմ 2,5-2,7 աստիճանի ցուցանիշն ավելի իրատեսական է թվում, եւ առաջիկա 10 տարիների որոշումները մեծապես կորոշեն՝ արդյոք աշխարհը կկարողանա մոտենալ սկզբնական նպատակին։



























