2022թ. էկոնոմիկայի նախարարության շրջանակում նախատեսվում է իրականացնել 13 ծրագիր՝ 56 միջոցառմամբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ 2 հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով, էկոնոմիկայի նախարարության գծով 2022-ին նախատեսված է 41,8 մլրդ դրամի ծախս, որը 20211-ի համեմատ ավել է 21,9 տոկոսով:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գծով 2022-ին կիրականացվի 22 ծրագիր 129 միջոցառմամբ։ «Այդ նպատակների համար մենք ունենք նախատեսված 278 մլրդ 590 մլն դրամի ծախսեր, աճը 2021-ի համեմատ կազմում է 31,6 տոկոս կամ 66 մլրդ 922 մլն դրամ»,- տեղեկացրեց նախարարը։ Միջոցները հիմնականում կտրամադրվեն էներգետիկայի, ճանապարհների, ոռոգման համակարգի, կապի, տրանսպորտի ոլորտներին։
Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գծով 2022-ի բյուջեում նախատեսվում է 17 մլրդ 278 մլն դրամ, որը 2021 թվականի համեմատ ավել է 8 մլրդ 155 մլն դրամով կամ 89,4 տոկոսով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կարիքների համար կառավարությունը նախատեսում է պետբյուջեից հատկացնել 850,9 մլն դրամ։ Աճը կկազմի 1,6 տոկոս։
Կադաստրի կոմիտեին 2022-ի բյուջեով կհատկացնեն 4,99 մլրդ դրամ, աճը կազմել է 7,6 տոկոս:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պետք է իրականացնի ընդամենը 1 ծրագիր՝ 1 միջոցառմամբ։ Ծախսերը կկազմեն 544 մլն դրամ։ Աճը ընթացիկ տարվա համեմատ կկազմի 0,45 տոկոս։
Քաղաքաշինության կոմիտեի համան 2022-ի բյուջեով նախատեսված է 1,585 մլրդ դրամ (աճը՝ 43,8 տոկոս)։
Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է իրականացնել 1 ծրագիր՝ 11 միջոցառմամբ։ Այդ նպատակների համար կհատկացվի 33,802 մլրդ դրամ։ Աճը կկազմի 4 տոկոս։
Ֆիննախը պետք է իրականացնի 4 ծրագիր 15 միջոցառմամբ։ Այդ նպատակների համար պետբյուջեից հատկացվելու է 218,4 մլրդ դրամ։ Աճը կկազմի 19,4 մլրդ դրամ կամ մոտ 9,8 տոկոս:





























