Թաիլանդում ոստիկանության գնդապետին, որը մեքենաների իր մեծ հավաքածուի համար ստացել է «Ջո Ֆերարի» մականունը, եւ վեց այլ սպաների մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի մեջ կասկածվողի սպանության համար, հայտարարել են իշխանությունները հայտնել է AP-ն։

Օգոստոսի 5-ի միջադեպի հետ կապված՝ գնդապետ Տիտիսան Ուտանաֆոնին եւ մյուս սպաներին մեղադրանք է առաջադրվել նաեւ շորթման, պարտականությունները չկատարելու եւ կամքին հակառակ անձին կալանավորելու համար:

Կասկածյալները, այդ թվում՝ ոստիկանության մայորը, կապիտանն ու լեյտենանտը, մեղավոր ճանաչվելու դեպքում կարող են մահապատժի դատապարտվել։ Որոշումն այժմ գլխավոր դատախազինն է:

Գործը հասարակական դժգոհություն է առաջացրել այն բանից հետո, երբ միջադեպի տեսագրությունը տեղադրվել է սոցիալական ցանցերում, որտեղ երեւում էր, որ Տիտիսանը ուղղորդում է կասկածյալի վրա հարձակումը:

Տիտիսանը հանձնվել է եւ անսովոր հնարավորություն ստացել՝ դիմել լրագրողներին եւ հեռախոսով պատասխանել նրանց հարցերին մի փոքր սյուրռեալիստական ​​ասուլիսի ժամանակ, որը հրավիրել է ոստիկանությունը՝ հայտարարելու նրա ձերբակալության մասին: