Այս տարի ԵՄ-ն կոնկրետ քայլեր է ձեռնարկել տարածաշրջանի բոլոր երկրների հետ երկխոսությունն ակտիվացնելու համար։ Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  2022 թվականի պետ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գեւորգյանը։

Նա հիշեցրեց, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտվել է 2021 թվականի սկզբին։ «Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտը և դրա ուժի մեջ մտնելը 2021 թվականի մարտի 1-ին նշանակալից իրադարձություն է Հայաստանի եւ  ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացման համար»,-ընդգծեց Գեւորգյանը։

Անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերություններում վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք բերված կարևորագույն ձեռքբերումին՝ դիվանագետը նշեց, որ Եվրամիությունն այժմ մեծապես կարևորում է տարածաշրջանային մոտեցումը ողջ Հարավային Կովկասի նկատմամբ։ «Այս առումով ԵՄ-ն այս տարի կոնկրետ քայլեր է ձեռնարկել՝ ակտիվացնելու քաղաքական երկխոսությունը տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ։ Այս համատեքստում կարևոր է ընդգծել մի քանի այցերի կարեւորությունը, որոնց ընթացքում արվել են կարևոր հայտարարություններ»,-ասաց նա՝ անդրադառնալով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի այցին։