Նոր Զելանդիայում  հայտնաբերվել է գուցե ամենամեծ կարտոֆիլը։ Քոլին եւ Դոնա Քրեյգ-Բրաունները իրենց այգին էին ջրում, երբ Քոլինի բրիչը դեմ առավ մի ինչ-որ հսկայական բանի հենց հողի մակերեսի տակ, տեղեկացնում է AP-ը։

Քոլինը եղանով հողից դուրս բերեց օբյեկտը, մի քիչ քերեց կճեպից եւ փորձեց համը... Կարտոֆիլ էր։ «Մենք չէինք կարողանում հավատալ մեր տեսածին,- ասել է Դոնան։- Պարզապես ցնցող էր»։

Եվ բոլորովին գեղեցիկ չէր։ Դոնան նկարագրում է կարտոֆիլի արտաքինը որպես այլանդակ մուտանտի։ Բայց միանգամայն հնարավոր է, որ սա ամենախոշոր կարտոֆիլն է դիտարկումների պատմության ողջ ընթացքում։ Երբ զույգն այն ավտոտնակ քարշ տվեց եւ դրեց հին կշեռքի նժարին, այն 7,9 կիլոգրամ քաշ ուներ։

Անսովոր գտածոյից հետո անցած մի քանի շաբաթվա ընթացքում կարտոֆիլը դարձավ մի ինչ-որ նշանակալի բան Համիլթոնից ոչ հեռու գտնվող նրանց ֆերմայում։ Նրանք կարտոֆիլն անվանեցին Դուգ, եւ Քոլինը անգամ ոչ մեծ սայլակ սարքեց Դուգը տեղափոխելու համար։

«Մենք նրա գլխին գլխարկ դրեցինք։ Տեղադրեցինք Ֆեյսբուքում, տանում էինք զբոսանքի, նրան մի փոքր արեւ էինք նվիրում»։

Տեղի խանութում ավելի պաշտոնական կշռումը ցույց տվեց, որ Դուգը 7,8 կիլոգրամ է։ Ամենածանր կարտոֆիլը, որը մտցվել է Գինեսի ռեկորդների գրքի մեջ, 2011թ. Մեծ Բրիտանիայում հայտնաբերված մոնսթրն էր, որի քաշը 5 կիլոգրամից մի փոքր պակաս էր։ Զույգն ասում է, որ դիմել է Guinness-ին Դուգի համար եւ սպասում է պատասխանի։