Ճարպակալումը Սաուդյան Արաբիայի վրա տարեկան 19 մլրդ դոլար է նստում, եւ այս թիվը կարող է կտրուկ բարձրանալ մինչեւ 2060թ., եթե խնդիրը չլուծվի, տեղեկացնում է ArabNews-ը՝ հղում կատարելով BMJ (British Medical Journal) Global Health-ի նոր հետազոտությանը, որը ցույց է տվել, որ ճարպակալումը թագավորության վրա նրա ներքին համախառն արդյունքի 2,4 տոկոսն է նստում։
Ճարպակալման մակարդակը Սաուդյան Արաբիայում կազմում է մոտ 35 տոկոս։ Հետազոտության հեղինակները նախազգուշացրել են, որ եթե «շտապ միջոցներ» չձեռնարկվեն, «տնտեսական վնասը Սաուդյան Արաբիայում, ըստ կանխատեսումների, կբարձրանա մինչեւ 4,1 տոկոս 2060թ., ինչը համարժեք է 78 մլրդ ԱՄՆ դոլարին։
Այդ ծախսերը հիմնված են ուղղակի ծախսերի հաշվարկման վրա, ինչպիսին է առողջապահությունը, ինչպես նաեւ անուղղակիների վրա, ներառյալ վաղաժամ մահացությունը եւ աշխատանքից բացակայությունները։ Հայտնաբերվել է, որ անուղղակի ծախսերը կազմում են բոլոր ազդեցությունների 65 տոկոսը։ Հետազոտությունում ընդգծվում է, որ «սոցիալական, կենսաբանական եւ բնապահպանական գործոնները» ազդում են ճարպակալման մակարդակի վրա, ուստի մարդիկ միշտ չէ, որ մեղավոր են իրենց հիվանդության համար։
Ճարպակալման համաշխարհային ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Ջոաննա Ռալսթոնը Arab News-ին տեղեկացրել է, որ իր կազմակերպությունն ընտրել է Սաուդյան Արաբիան հետազոտության համար, որովհետեւ թագավորությունում «ճարպակալման ամենաբարձր ցուցանիշներից մեկն է աշխարհում մեծահասակների եւ երեխաների շրջանում»։
Ռալսթոնը նշել է, որ ճարպակալման բարձր մակարդակի պատճառները «բարդ» են, բայց «նպաստող գործոններն են ուտելու, քնի սովորությունները եւ ֆիզիկական ակտիվության մակարդակը»։ Նրա խոսքով՝ այս խնդիրները բնութագրական են Պարսից ծոցի երկրների մեծ մասի համար, որոնցից յուրաքանչյուրում նկատվում է ճարպակալման բարձր մակարդակ։





























