Ավստրալիայի Մեծ բուստախութի 98 տոկոսը գունազրկվել է՝ անձեռնմխելի թողնելով միայն աշխարհի ամենամեծ խութերի համակարգի մի մասը։ Այս մասին տեղեկացվում է Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում, հակիրճ հետազոտության մասին պատմվում է Phys.org կայքի մամուլի հաղորդագրությունում, տեղեկացնում է «Лента Ру»-ն։

Ստորջրյա էկոհամակարգի միայն երկու տոկոսն է խուսափել ներգործությունից 1998թ. մարջանների զանգվածային գունազրկման առաջին դրվագի պահից։ Դա ամենատաք տարին էր դիտարկումների պատմության մեջ։ Այդ ժամանակվանից կլիմայի փոփոխությամբ առաջացած ծովային ալիքների ջերմության հաճախականությունը, ինտենսիվությունը եւ մասշտաբը, որոնք գունազրկել են մարջանները, ավելացել են։

Գունազրկումը տեղի է ունենում, երբ առողջ մարջանները ենթարկվում են սթրեսի օվկիանոսի ջերմային խիստ տատանումների պատճառով, ինչի հետեւանքով նրանք զրկվում են ջրիմուռներից, որոնք ապրում են նրանց հյուսվածքներում, եւ կորցնում են վառ գույները։ Մեծ բուստախութը տուժել է երեք զանգվածային գունազրկումներից 2016, 2017 եւ 2020թթ. ջերմության ալիքների ժամանակ։

Գիտնականների խոսքով՝ չնայած մարջանները վերականգնման որոշ նշաններ են ցուցաբերել վերջին գունազրկումից հետո, երկարաժամկետ հեռանկարները 2300 կիլոմետր երկարությամբ էկոհամակարգի համար «շատ վատն են»։ Խութը նաեւ վնասվել է ցիկլոններից եւ ծովային աստղերի փշապսակի բռնկումներից, որոնք ուտում են մարջանները, ընդ որում՝ երկու գործոնն էլ դառնում են ավելի կործանարար կլիմայի փոփոխության պատճառով։