Գյոթեի համալսարանի տեսաբան ֆիզիկոսները՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի գիտնականների հետ միասին, առաջին անգամ շատ մանրամասն մոդելավորել են M87 սեւ խոռոչի մերձակայքի շրջանը, որտեղից բխում է պլազմային ռելյատիվիստական շիթ: Դրանով է բացատրվում շիթի էներգիայի աղբյուրը, որը շարժվում է լույսի արագությամբ եւ տարածություն է ներթափանցում վեց հազար լուսային տարով։ Այս մասին հաղորդվում է Nature Astronomy ամսագրում հրապարակված հոդվածում, փոխանցում է Lenta Ru-ն։
Հետազոտողները սուպերհամակարգչի վրա կատարել են բարդագույն եռաչափ մոդելավորում՝ հաշվի առնելով Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսության հավասարման, Ջեյմս Մաքսվելի էլեկտրամագնիսականության հավասարման եւ Լեոնարդ Էյլերի հեղուկի դինամիկայի հավասարման լուծումները։ Գիտնականները կարողացել են հետեւել ֆոտոնների բարդ շարժմանը շիթի ներքին շրջանի կոր տարածության-ժամանակի մեջ եւ այն վերածել ռադիոպատկերի, որը նման է M87-ի դիտարկումներից ստացված պատկերին:
Գիտնականների կարծիքով՝ էլեկտրամագնիսական ճառագայթման տեսական մոդելը եւ M87 շիթի մորֆոլոգիան լավ համընկնում են ռադիոյի, օպտիկական եւ ինֆրակարմիր սպեկտրներում կատարված դիտարկումների հետ։ Գերզանգվածային սեւ խոռոչը, հավանաբար, արագ է պտտվում, իսկ շիթի ներսում պլազման խիստ մագնիսացված է եւ մասնիկները մղում է մինչեւ լույսի արագությամբ:
M87-ը գտնվում է Երկրից 55 միլիոն լուսային տարի հեռավորությամբ՝ Կույս համաստեղությունում: Այս գալակտիկայի կենտրոնում վեցուկես միլիարդ արեգակնային զանգված ունեցող սեւ խոռոչ է գտնվում: Սա առաջին սեւ խոռոչն է, որի պատկերը 2019-ին ստացել է Event Horizon Telescope միջազգային հետազոտական համագործակցությունը։





























