Ինդոնեզիայում Մուսի գետի հատակին, Պալեմբանգ քաղաքից ոչ հեռու հնագետները հայտնաբերել են ոսկե մատանիներ եւ սուտակներով մատանիներ, մետաղադրամներ, հարյուրավոր արձանիկներ, ինչպես նաեւ՝ չինական կերամիկա, տաճարի զանգ, հայելու բեկորներ, սրի ոսկե կոթեր, գինու սափորներ եւ սիրամարգաձեւ ֆլեյտաներ։ Այս մասին գրում է «Աշխարհի շուրջը» ճանաչողական պորտալը՝ հղում անելով Live Science-ին։

Հետազոտողները կարծում են, որ գտել են, այսպես կոչված, «ոսկե կղզին», որը հիշատակվում է լեգենդներում։ Հին լեգենդներում, մասնավորապես, նշվում է, որ այնտեղ ապրել են մարդակեր օձեր եւ հինդիով խոսող թութակներ, իսկ հրաբուխները կրակ են ժայթքել։

«Ոսկե կղզին» եղել է հին մալայական Շրիվիջայ թագավորության հարուստ եւ հզոր նավահանգիստը: Նրա մայրաքաղաքը եղել է Սումատրա կղզու Պալեմբանգ քաղաքը։

Շրիվիջայի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել: Նշանները, որ Մուսի գետը կարող է իր մեջ պահել այս քաղաք-պետության գաղտնիքները, առաջին անգամ հայտնաբերվել են 2011 թվականին, երբ գետում սկսեցին ավազ արդյունահանել շինարարության համար: Ավազի մեջ հնագույն արտեֆակտներ են հայտնաբերվել, որոնք իրարանցում են առաջացրել տեղի բնակչության շրջանում։ Շատ գտածոներ հետագայում հայտնվել են սեւ շուկայում: