Հոգեբանների միջազգային խումբը՝ Լանքասթերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մասնագետների ղեկավարությամբ, ուսումնասիրել է փոխհարաբերությունների խնդիրները։ Հետազոտողներին հետաքրքրում էր, թե ինչ խնդիրների են բախվում զույգերը, տեղեկացնում է «Вокруг света» պորտալը՝ հղում կատարելով MedicalXPress-ին։
«Այն, ինչ մենք գիտենք փոխհարաբերություններում առաջացող խնդիրների մասին, ստացվել է թերապիա անցնող զույգերի հետազոտությունների արդյունքում։ Դա մարդկանց բավական առանձնահատուկ խումբ է, որոնք ունեն ժամանակ, փող եւ դրդապատճառ փոխհարաբերություններում իրենց խնդիրների վրա աշխատելու համար,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Շառլոթ Էնթվիսթլը (Charlotte Entwistle)։- Մենք ցանկանում էինք հասկանալ ոչ միայն այն, թե հարաբերություններում ինչ խնդիրների են ավելի հաճախ բախվում մարդիկ, այլեւ այն, թե հատկապես ովքեր են ունենում նման խնդիրներ»։
Մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 184 000 մարդու ժողովրդագրական եւ հոգեբանական բնութագրերը, որոնք իրենց խնդիրների մասին պատմել են անանուն օնլայն-ֆորումում։ Հետազոտողները կարողացել են վիճակագրականորեն որոշել առավել տարածված թեմաները։
Կոմունիկատիվ խնդիրները ամենատարածված թեման էին։ Գրեթե յուրաքանչյուր հինգերորդ մարդը նշել էր դժվարությունները բարդ հարցերը քննարկելիս։ Յուրաքանչյուր ութերորդը հիշատակել էր հարաբերություններում վստահության խնդիրը։
Հետազոտողները նաեւ անսպասելի օրինաչափություն են հայտնաբերել։ Պարզվել է, որ տղամարդիկ անհամեմատ ավելի հաճախ են քննարկում հարաբերություններում առկա խնդիրները, քան կարող էր թվալ։ Ավելին, նրանք դա անում են անգամ կանանցից ավելի հաճախ։ Այս տվյալները վկայում են. կարծրատիպը, թե տղամարդիկ պակաս հուզական են հարաբերություններում, քան կանայք, կարող է սխալական լինել։





























