1980- աակն թթ. կալիֆոռնիական անգղներից մնացել էր 22 առանձնյակ, եւ այդ ժամանակվանից գիտնականներն իրականացնում են անազատության մեջ թռչունների բազմացման ծրագիր, որը շարունակվում է մինչեւ այժմ, գրում է «Вокруг света» պորտալը՝ հղում կատարելով Smithsonian Magazine-ին։
Վերջերս Սան Դիեգոյի կենդանաբանական այգու մասնագետները ուսումնասիրել են թռչունների վերջին տարիներին հավաքված գենետիկ տվյալները եւ հայտնաբերել ինչ-որ տարօրինակ մի բան։ Երկու ճուտիկ ոչ մի գենետիկ կապ չունեին արու թռչուններից ոչ մեկի հետ, որոնք մասնակցում էին բազմացման ծրագրին։
«Սա իսկապես զարմանալի բացահայտում է։ Մենք չէինք որոնում պարտենոգենեզի ապացույցներ, դա մեզ համար միանգամայն անսպասելի էր»,- ասել է հետազոտության հեղինակներից Օլիվեր Ռայդերը (Oliver Ryder)։
Պարտենոգենեզը բազմացման տեսակ է, որի դեպքում սաղմը կարող է զարգանալ իգական ձվաբջջից, առանց սերմնահեղուկի։ Բազմացման այս տեսակը հանդիպում է անողնաշարավորների, ինչպես նաեւ որոշ ձկների, երկկենցաղների եւ սողունների մոտ։ Հազվադեպ պարտենոգենեզ է գրանցվել ընտանի հավերի եւ հնդկահավերի, ինչպես նաեւ աղավնիների մոտ, բայց ճուտիկները սատկել են մինչեւ ձվից դուրս գալը։
Կալիֆոռնիական անգղների երկու արուները կարողացել են ոչ միայն դուրս գալ ձվից, այլեւ ապրել մի քանի տարի։ Դրանցից առաջինը, որը հայտնի է SB260 համարով, ապրել է երկու տարի եւ սատկել 2003թ., հավանաբար՝ քաղցից։ Երկրորդին՝ SB517-ին, թողել են անազատության մեջ, քանի որ նա ի սկզբանե թույլ էր։ 2017թ., մոտ ութ տարեկանում, նա սատկեց վարակից։ Հետաքրքիր է, որ քանի դեռ անգղները ողջ էին, ոչ ոք չէր կասկածում, որ դրանք լույս աշխարհ են եկել «անարատ հղության» արդյունքում։





























