Մանկապղծի կողմից առեւանգված 16-ամյա ամերիկուհուն հաջողվել է փրկվել՝ ավտոմեքենայի պատուհանից ցույց տալով «Ինձ օգնություն է անհրաժեշտ» ժեստը, որը նա տեսել էր TikTok սոցիալական ցանցում: Այդ մասին հաղորդում է FOX 8 News-ը:
Կենտուկի նահանգի Լորել շրջանի շերիֆին զանգահարել է վարորդը, որին աղջիկը ցույց էր տվել ձեռք ափը, ինչը հետո ծալել էր մատը. դա ընտանեկան բռնության զոհերի միջազգային նշանն է, որը նշանակում է, որ մարդուն օգնություն է անհրաժեշտ:
Իրավապահ մարմինների աշխատակիցները հետապնդել են ավտոմեքենան, որում գտնվել է աղջիկը, եւ ազատել նրան: Պարզվել է, որ աղջկան բռնի պահում էր 61-ամյա Ջեյմս Բրիքոմը: Նա տեղափոխում էր անչափահասին Հյուսիսային Կարոլինայի Չերոկի շրջանից դեպի Օհայո իր բարեկամների մոտ:
Տղամարդու հեռախոսի մեջ հայտնաբերել են անչափահասի կիսամերկ լուսանկարը: Արդյունքում նրան մեղադրել են ապօրինի ազատազրկման եւ մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ:
Երիտասարդ աղջիկն անհետացել էր երեքշաբթի՝ նոյեմբերի 2-ին, Հյուսիսային Կարոլինայի Էշվիլ քաղաքում:





























