44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

45-րդ օրվա առաջին կեսը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, որ ռազմաճակատից իրատեսական լուրերի բացառման հետևողական քաղաքականության արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած  պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությունը Հայաստանում և Արցախում առաջացրել է հասարակական մեծ հուզումներ ու ցասում: Կոչ անելով «չտրվել քաղաքացիական անհնազանդության անկառավարելի ալիքին», «Ժառանգությունը» քաղաքական ուժերին էլ կոչ է արել՝ խորհրդարանական և արտախորհրդարանական,  ռազմական հրամանատարությանը, որն արցախյան առաջին պատերազմում փայլուն հաղթանակներ է կերտել,  անհապաղ համախումբ ստեղծել պետության պաշտպանության կոմիտե կամ ռազմաքաղաքական շտաբ, որը կմշակի ելքեր ստեղծված իրավիճակից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ օրվա բազմաթիվ գրառումներից հերթականը.

«Ես իհարկե Հայաստանում եմ եւ լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը»։

Նշենք, որ այդ պահին Ն.Փաշինյանը թաքնվել էր ԶՈՒ ԳՇ «բունկերում» եւ անսթափ վիճակում պարբերաբար «լայվեր էր մտնում»։

ԱԺ ժամանած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել խորհրդարանի շենքում գտնվողներին դահլիճից դուրս գալ, որպեսզի կարողանան արտահերթ նիստ հրավիրել։

«Քվորումի համար անհրաժեշտ է նաեւ «Իմ քայլից» առնվազն 25 հոգու ներկայությունը: Բայց «Իմ քայլի» մեր գործընկերները վստահ պետք է լինեն, որ այս դահլիճում իրենց անվտանգությունը միանշանակ ապահովված է»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այժմ փորձում են իրավաբանների հետ քննարկել՝ որքանո՞վ ԱԺ-ն իրավասու է չեղարկել ստորագրված հայտարարությունը: «Բայց անգամ չլինելով ոչ իրավաբան՝ ես կարծում եմ, որ մենք խորհրդարանական պետություն ենք եւ բոլոր որոշումները պետք է կայացվեն այս դահլիճում»,- ասել է նա:

Հիշեցնելով, որ Փաշինյանը խոստանում էր Արցախի հարցում որեւէ որոշման դեպքում հրապարակում ճշտել ժողովրդից՝ ընդունե՞լ առաջարկը, թե՞ ոչ, Ն.Զոհրաբյանը նշել է.

«Հիմա հարց. ի՞նչ եղավ, որ ժողովրդի հետ, 3 միլիոն վարչապետների հետ հարցը չքննարկվեց: Երբ որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ ամբիոնից եւ հունիսի 5-ից ասում էր՝ ի՞նչ եք խոսում, Ի՞նչ եք բանակցում, մեզ ասում էին՝ «ինչ ուզում ենք, այդ էլ բանակցում ենք, դուք ո՞վ եք, որ իմանաք՝ ի՞նչ ենք բանակցում», «ես սկսում եմ զրոյական կետից»: Քանիցս  ասել ենք՝ այդ ի՞նչ եք բանակցում լիֆտերում ձեր կիրթ գործընկեր Ալիեւի հետ: Հիմա մենք ի՞նչ իմանանք՝ այլ ելք եղել է, թե՝ չի եղել»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ ասել է, որ պատերազմի օրերին Փաշինյանի ամբողջ ֆեյք-ինդուստրիան, պետական ռեսուրսները ուղղորդվել էր իրենց դեմ՝ արտաքին թշնամուն, թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական տանդեմը թողած:

ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ ռուս խաղաղապահներով առաջին չորս Իլ-76 ինքնաթիռները Ուլյանովսկից ուղեւորվել են Լեռնային Ղարաբաղ:

«Ինքնաթիռները օդ են բարձրացել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Օդանավերում գտնվում են խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը, տրանսպորտային միջոցներ, զրահամեքենաներ եւ նյութական միջոցներ»,- ասվում էր հաղորդագրության մեջ: Ավելի ուշ հայտնի է դարձել հինգերորդ ինքնաթիռի մեկնելու մասին:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել՝ խոստովանելով, որ մամուլից է տեղեկացել եռակողմ հայտարարության, պատերազմի դադարեցման պայմանների մասին, որ, որպես նախագահ, այդ փաստաթղթի վերաբերյալ իր հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում չի եղել, որևէ բանակցության չի մասնակցել։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է։ Հայաստանի, Արցախի, ողջ հայ ժողովրդի կենսական անվտանգային շահերին և իրավունքներին առնչվող ցանկացած քայլ, գործողություն, ցանկացած որոշման ընդունում, առավել ևս որևէ փաստաթղթի ստորագրում պետք է լինի համապարփակ խորհրդակցությունների և քննարկումների առարկա։

Անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։ Որպես Հանրապետության նախագահ, ազգապահպանության կարևորագույն այս պահին համազգային միասնության ձևավորումը համարում եմ իմ այժմեական առաքելությունը։ Հուսով եմ, որ տասնօրյա ժամկետում բոլորիս կհաջողվի ձևավորել այդպիսի միասնություն, որի պարագայում ես կհամարեմ, որ օգտագործել եմ հայրենիքիս ծառայելու հնարավորությունները», ասել է Ա.Սարգսյանը:

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը շտապ կադրային մի քանի տեղաշարժ է արել, փոխել Երևանի, Կոտայքի, Տավուշի, Արմավիրի  մարզային վարչության պետերին, քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետին:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձով դիմել է ժողովրդին.

«Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ (...) Կոչ ենք ուղղում Հայաստանի և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին ի հայրենիս, յԱրցախ և ի սփյուռս՝ կայացված որոշումների և հայրենի մեր երկրի ապագայի վրա դրանց ներազդեցության վերաբերյալ։

Աստված պահապան մեզ և մեր հայրենիքին»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրեց, որ առաջիկա մեկ ժամվա ընթացքում հանդես կգա ուղիղ եթերով և կներկայացնի այն իրողությունները, որոնք արդեն արձանագրված են:

Նիկոլ Փաշինյանի հերթական գրառումը.

«Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք եւ այլ իրեր։ Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»:

Այս գրառումը բուռն հակազդեցություն առաջացրեց հանրության շրջանում. շատերին էր վրդովել հանգամանքը, որ ահռելի մարդկային ու տարածքային կորուստների խորապատկերում, վարչապետը «տխրում է ժամացույցի կամ օծանելիքի կորստյան համար»։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը լայվ է մտել ու հայտարարել, որ նախորդ օրվա որոշումը ստիպված են եղել ընդունել։ 

«Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում, 2-3 կմ հեռավորության վրա: Եթե շարունակվեր այդ տեմպերով, օրերի ընթացքում կկորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք ավելի շատ զոհեր: (...) Ինչ-որ տեղ, շրջափակման մեծ հնարավորություններն կարող էին լինել: Կարծես թե մի քանի օր մեզ հաջողվել էր պաշտպանվել ԱԹՍ-ներից, բայց վերջին երկու օրը հակառակորդը, չգիտեմ նոր տեխնոլոգիաների, թե նոր ԱԹՍ-ների միջոցով, հնարավորություն ունեցավ նորից շատ մեծ վնասներ պատճառել մեր զորքին: Շատ մեծ մարդկային կորուստներ ենք ունեցել երեկ վերջին մի քանի ժամերի ընթացքում Մարտունու շրջանում եւ այդ բոլոր կորուստները անօդաչուներով:

Բոլորս պատասխան ենք տալու, բոլորս, քանի որ մենք գիտեինք, որ ՊԲ-ն այդ կարիքն ուներ: Բոլորս, որոնք զբաղեցրել են պաշտոններ վերջին տասնամյակներում:

Զորքի բարոյահոգեբանական վիճակը շատ լավ չէր, ինչ-որ տեղ ծայրահեղ վատ կարելի է ասել: Զորքը թութքով, դիզինտերիայով, կովիդով հյուծված վիճակում 43 օր գտնվում էին առաջնագծում, չունեինք  հնարավորություն փոխելու, հանգստանալու, բուժելու: Ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետակոծություն: Եվ այդ ամենով կարողանում էինք դիմադրել ինչ-որ տեղ 8 պետության ուժերի: (…) Ես խոնարհվում եմ առաջին հերթին հայ զինվորների առջեւ, աշխարհի ամենահերոս տղերքն եղել մեր ժամկետային զինծառայողները, խոնարհվում եմ զոհերի հարազատների առջեւ:

(…) Հոկտեմբերի 28-ին Շուշիից, Ղազանչեցոց եկեղեցու առջեւ ասել եմ՝ Շուշին վտանգված է, հակառակորդը գտնվում էր 5 կմ հեռավորության վրա: Վիճում էին՝ Շուշին մեր ձեռքին է, թե ոչ, բայց մենք Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը կորցրել էինք նոյեմբերի 5-ից, բայց ամբողջությամբ նոյեմբերի 7-ից: Շատ երկար փորձում էինք  բանակցության սեղանի շուրջ քննարկել ու կանգնեցնել պատերազմը: Բայց դա հնարավոր չէր:

(…) Մեզ պետք է համերաշխություն: Ամենամեծ մեր հակառակորդը եղել է  պառակտումն ու խուճապը: Համաշխարհային խնդիրները դեռ առջեւում են, մեր տեսիլքը դեռ չի մարել, հակառակը, մենք ունենք երազանք, երազած հայրենիք, դրա համար պետք է պահպանել համերաշխությունը:

(…) Դեռ նոր է սկսվում ամեն ինչ: Չեմ ուզում բացել փակագծերը, մենք չենք պարտվել, ամեն ինչ առջեւում է: Ուզում եմ նորից խնդրել, իմ սիրելի հայրենակիցներ, որ սթափվենք, քաղաքացիական պատերազմը անհանդուրժողականությունը ավելի մեծ սպառնալիք է ոչ միայն Արցախ աշխարհի, այլեւ Հայաստան աշխարհի համար», ասել է Արայիկ Հարությունյանը եւ խոստացել առաջիկայում ավելի մանրամասն ներկայացնել իր քայլերը:

ՀՀ կառավարությունը հրապարակել է եռակողմ համաձայնագիրը, որը ժամեր առաջ ներկայացրել էր Կրեմլը։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրել է, որ եռակողմ համաձայնագիրը պարունակում է միջազգային պայմանագրի դրույթներ, հետևաբար վարչապետը չէր կարող այն ստորագրել։

«Համաձայնագիրը վերաբերում է հաշտությանը, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ստեղծմանը, որը ՀՀ քաղաքացիների համար կարող է որոշակի սահմանափակումներ նախատեսել այդ տարածքներից օգտվելու առումով: Բացի վերոգրյալից, վարչապետը լիազորված չէ ժողովրդի անունից նմանաբովանդակ փաստաթուղթ ստորագրելու՝ ժողովրդի կամքին հակառակ: Այս իրավիճակից ելքը կարող է լինել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այս փաստաթղթի իրավազորությունը չընդունելը և միասնական ուժերով Հայաստանի և Արցախի պաշտպանությունը կազմակերպելը», գրել է նա:

Պատերազմի ավարտից հետո առաջին գրառումն է արել Արծրուն Հովհաննիսյանը.

«Երանի երեկ այդպես էլ չարթնանայի»։

Առանց մեկնաբանության։

ԱԺ բակում հավաքված քաղաքացիների հետ հանդիպել է ԱԺ ԲՀԿ  խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։ Նա հայտնել է, որ ստորագրահավաք են իրականացրել արտահերթ նիստ հրավիրելու պահանջով։

«Կառավարությունը և Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանան»,- ասել է Ա.Աբովյանը։

Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: 

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրել է.

«Ես կնվիրեմ քեզ մի լավ համակարգիչ, մի նոր ժամացույց, ընտիր օծանելիք և այլ լավ իրեր, լիքը-լիքը, որ կշտանաս։ Միայն մի խնդրանք․ վերադարձրու մեր ժողովրդին այն, ինչ դու ես գողացել մեզնից։

Վերադարձրու խնդրեմ մեր զավակներին, նրանց մայրերի և հարազատների խորտակված կյանքերը, վերադարձրու մեր վիրավոր զինվորների առողջությունը, նրանց կորցրած ոտքերը, ձեռքերը, լսողությունը, տեսողությունը, վերադարձրու մեր կորցրած Հայրենիքը, Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի և մյուս քաղաքների և գյուղերի քանդված տները, դպրոցները, մանկապարտեզները, մշակույթի օջախները, վերադարձրու խնդրեմ Շուշիի Ղազանչեցեց տաճարում մեր աղոթքները, վերադարձրու մեր ժողովրդից գողացված վստահությունը, հավատը, վերադարձրու խնդրում եմ մեզնից գողացված բոլոր երազները․․․»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ելույթին, Ֆեյսբուքում գրել է.

«Խոսեցի՛ք ամեն ինչից, բայց չասացիք ամենակարևորը՝ ինչու՞: Դեռ սպասում եմ այդ «ինչուի՞» պատասխանին և այդ պատասխանին սպասում է մի ողջ ժողովուրդ, որի հետ չի քննարկվել այդ «ինչուն»... Խոսե՜ք, քանի որ զինվորը դեռ սահմանին սպասում է հրամանի, խոսե՛ք, քանի որ լիքը հայեր պատրաստ են միանալ ու կռվել: Երկրի նախագահը տեղյակ չէ որոշումից, երկրի խորհրդարանի 90%-ը տեղյակ չէ, ժողովուրդը տեղյակ չէ, ապա ում հետ է քննարկվել այս հարցը»:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են.

«Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ասել է, որ իրենց համար անակնկալ չէր, որ ստորագրվելու է մի փաստաթուղթ, որը կանգնեցնելու է Հայաստանին ու Արցախին այս իրավիճակի առջև։

«Մենք փորձեցինք ահազանգել, երկու անգամ գրավոր դիմեցինք Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով հանդիպում, որովհետև մենք տեսնում էինք, թե ինչ է ճակատում կատարվում, ինչ տարածքներ ենք կորցնում և երբ իշխանական քարոզիչները հերոսաբար ստում էին, որ Շուշին մեր վերահսկողության տակ է, ընդամենը մեկ ժամ առաջ Արցախի նախագահը պաշտոնապես հաստատեց, որ Շուշին մասնակի մենք կորցրել ենք նոյեմբերի 5-ին, իսկ ամբողջապես՝ նոյեմբերի 7-ին։ Առ այսօր իշխանությունը ստում է, որ Շուշիի  համար մարտերը շարունակվում են»,- նշեց նա։

Ն.Զոհրաբյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը ժողովրդի համար շոկ էր, որովհետև ժողովուրդը «սնվում էր» Արծրուն Հովհաննիսյանի զտած ինֆորմացիաներով։

«Հետևում եմ Փաշինյանի՝ ստորագրումից հետո արած մի քանի լայվերին ու գրառումներին  և ինձ զարհուրեցնում է, որ ինքն ասում է՝ հողեր հանձնողները պիտի պատժվեն, ո՞ւմ է ասում, ինձ շատ հետաքրքիր է։ Այո, պիտի պատժվեն, հայ ժողովուրդը պահանջելու է  պատիժ բոլոր նրանց համար, որոնք հող են  հանձնել։ Կամ էդ պոպուլիզմը, թե վրեժ պետք է լուծենք, գնացեք սա արեք, նա արեք, ԲՀԿ-ի անունն է տալիս, բավական է արդեն, եթե ինչ-որ ժամանակ էդ դեմագոգիան, պոպուլիզմը անցնում էր, որովհետև ժողովրդի մեջ մի հատված կա, որ այ թալանը բերեցին և այլն, ոգևորվում ընկնում էին էքշնի մեջ, հասկանո՞ւմ եք, որ այս անգամ այլևս չի աշխատելու»,- նշեց Նաիրա Զոհրաբյնաը։

Տեղի ունեցածի համար Նաիրա Զոհրաբյանն իշխանությանն է պատասխանատու համարում։

«Մի փորձեք հանրության մեջ շերտեր գտնել, որոնց մեջ կարթնացնեք վատագույն բնազդները և երկրում քաղաքացիական պատերազմ կհրահրեք։ Թույլ չենք տալու ժողովրդին նորից հանեք ժողովրդի դեմ, սևի սպիտակի բաժանեք, վրեժի կոչ եք անում։ Էդ ի՞նչ վրեժի կոչ եք անում, դուք ընդհանրապես իրավունք ունե՞ք հիմա ինչ-որ կոչ անել»,- վրդովված ընդգծել է ԲՀԿ-ական պատգամավորը։

Թուրքագետ Վահրամ Տեր–Մաթևոսյանը գրել է․

«Եթե այս ազգադավ պայմանագիրը կյանքի կոչվի, ապա նոյեմբերի 21-ին Արցախի 12.000 քառ կմ տարածքից կմնա մոտ 2.500-ը։

Հ.Գ. 1988 թ. ԼՂԻՄ-ը 4.400 էր»։

Նիկոլ Փաշինյանը հերթական լայվն է մտել ու հայտարարել, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված:

«Իհարկե, այդ հանցագործության մեջ ներգրավված ոչ բոլոր անձինք են ձերբակալված, բայց կարեւոր է արձանագրել, որ հանցագործների ձերբակալությունները սկսված են»,- նշել է նա:

«Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը գրել է.

«Արեւմտյան ուժերի հրահրած հեղափոխությունները ունեն մեկ շատ ցավալի զուգադիպություն` տարածքային կորուստ: Մինչեւ վերջին րոպեն հույս ունեի, որ մենք ուրիշ ենք, մեզ մոտ նման բան չի լինի... Ավաղ, սխալվեցի... Շուրջ երկու տարի մի լրատվամիջոցից մյուսն էի վազում, սոցիալական հարթակում գրառումներ էի անում, փորձում էի մեր ժողովրդին սթափեցնել, բացատրել, բայց՝ ապարդյուն։

Տխրահռչակ հեղափոխության սցենարը դեռ ամբողջությամբ իրականացված չէ.. Մեզ դեռ պետք է փողոց հանեն` իրար դեմ պայքարելու։ Հենց սա է սցենարի վերջին կետը... Այս ամենը չի լինի մեկ դեպքում. Ազգս դավաճանածը եւ իր թիմը անհապաղ պետք է հեռանան։ Հեռանան շատ հեռու, որ ժողովուրդը ուղղակի մոռանա իրենց գոյության մասին։ Պետք է շատ արագ ձեւավորել նոր կառավարման շտաբ։ Կարծում եք պատերազմի ավարտով խնդիրները ավարտվեցի՞ն. ՈՉ, մեր խնդիրները միայն ավելացան։ Մենք պետք է փորձենք նոր Հայաստան կառուցել... Նոր Հայաստան, որում չկան նման դավաճաններ, նոր Հայաստան, որում հասարակությունը այլեւս երբեք չի բերի իշխանության նման մարդկանց, նոր Հայաստան որում գերագույն արժեքը կլինի ազգը, ոչ թե անհատը...

Մենք դեռ պետք է կերտենք մեր նոր հաղթանակը, քանզի վերջինը մեր ձեռքից մեր ձեռքերով գողացան»:

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Պատասխանատվությունից փախնելու շքերթ է՝ մեկը մեկին հերթ չտալով։ Նույնիսկ նրանք, ովքեր ի պաշտոնե տիրապետել են ողջ պրոցեսին, փորձում են կաշիները փրկել։ Ինչ էլ լինի ողջ գործընթացը դեռ չի ավարտվել. հույս կա ինչ որ բան փրկելու, բայց ցավոք վտանգ կա ավելին կորցնելու։ Դա նկատելի է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից և այս անիշխանություն վիճակից։  Արցախը փրկելու համար այս պահին դեռ պետք է փրկել Հայաստանը»։

Հերթական լայվում Ն.Փաշինյանը փորձել է պարզաբանել, թե ինչու եռակողմ համաձայնագիրը լայն քննարկման չի դրել.

«Պատկերացրեք իրավիճակ, երբ այդ բովանդակությունը ներկայացվում է եւ արդյունքում ինչ-ինչ պատճառներով չի ստորագրվում: Դա շատ բացասական հետեւանք կունենար մեր մարտունակության վրա: Մյուս պատճառն այն է, որ երբ հանրությանը ներկայացնում ես բովանդակությունը, հակառակորդի համար բացահայտում ես քո որոշակի թույլ տեղերը, եւ եթե հանկարծ չի ստորագրվում, կամ հակառակորդը քո թույլ տեղերն իմանալով առավելություն է ստանում, դա ինչ-որ առումով ազդում է հետագա պրոցեսների, եւ, ընդհանրապես, պաշտպանունակության եւ մարտունակության վրա»:

Ավելի ուշ Փաշինյանը պարզաբանել է, թե պատերազմից խուսափելու տարբերակը 5 շրջանները հանձնելն էր, նրա խոսքով՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, բայց եթե ինքը գար ժողովրդին ասեր, որ ինքը 5 շրջան է տալիս՝ ժողովուրդը դեմ կլիներ։ Վերլուծաբաններն էլ նրան հարցնում են. այդ դեպքում՝ ինչո՞ւ էիք պատերազմը տանուլ տալուց հետո ասում, որ 8 պետության դեմ եք կռվել, գուցե նախապես ասեիք եւ ժողովուրդը համաձայնե՞ր 5 շրջանի կորստին։ Փաշինյանն ասել է նաեւ, որ հոկտեմբերի ընթացքում չի համաձայնել պատերազմի կասեցմանը, քանի որ իրեն դավաճան կանվանեին։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուս խաղաղապահների տեղափոխող 11-րդ եւ 12-րդ ինքնաթիռներն են ուղեւորվել Լեռնային Ղարաբաղ:

ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը պետք է ազգայնացնել, հռետորական հարց է հնչեցրել.

«Բա ինչո՞ւ մի տարի առաջ չէր ասում մեծահարուստների գույքն ազգայնացնելու մասին, երկու տարի է անցել, ոչ մի բան չի արվել, մարդը անցյալ տարի ասաց, որ մենք օլիգարխներ չունենք, հիմա ի՞նչ օլիգարխի մասին է խոսում, պետք չէ «Կոմունիստ» թերթի պես սկիզբը վերջին հակասի։

Մանվել Եղիազարյանն ասել է, որ առավոտյան է վերադարձել Արցախից, մարդիկ Շուշիի համար կենաց ու մահու կռիվ էին տալիս։

«Հասկացե՛ք մի բան, եթե դուք առանց զենքի գալիս եք իմ վրա, մենք հավասար չենք, բայց երբ ես էլ եմ զենքով, մենք հավասար ենք։ Հրետանին ռմբակոծում է, երեխեքը հրթիռակոծության տակ պառկում ու դիմանում էին, մեր հրետանին էլ պասիվ էր աշխատում։ Կուբաթլուն և Զանգելանը կարելի էր մի գնդով ետ բերել, ինչո՞ւ չէին անում, ուրեմն միտում կար տալու։ Դուք գիտե՞ք, որ Զանգելանը գրավել են երեք «Պիկապով». երեք մեքենան նստել, եկել են Զանգելան։ Այս ամբողջը մենք տեսել ենք»,- ասել է Արցախյան պատերազմների վետերանը։

Իր լայվում Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ինքն այդ քայլին գնացել է, քանի որ բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը.

«Օրինակ, մենք բախվել ենք այնպիսի տարօրինակ դեպքերի, որ օրինակ, զինված ուժերի զորամասը, գունդը, պետք է մարտական նպատակով տեղափոխվի, բայց տվյալ բնակավայրի բնակիչներ փակում են զորամասի դռները, մեքենաները եւ թույլ չեն տալիս, որ դուրս գան զորամասից: Մենք ունեցել ենք այսպիսի տասնյակին մոտ դեպքեր, որի արդյունքում մենք ունենում ենք գունդը առաջնագիծ հասցնելու խնդիր: Իհարկե, շատ դեպքերում արվել են շատ կոշտ միջամտություններ, որոշ դեպքերում նման հնարավորություն չի եղել, որովհետեւ ոստիկանական կոնտինգենտը նույնպես գործուղված է եղել առաջնագիծ: Սա բերել է շատ լուրջ ու ծանր հետեւանքների»,- ասել է նա:

Ըստ նրա՝ հաջորդ խնդիրը զորահավաքային համակարգն է, որ մոբ ռեսուրսը պատրաստ չէ ռազմական գործողություններին լիարժեք մասնակցելու, արագ կորցնում է մարտունակությունը եւ այլն: Նույնը վերաբերում է նաեւ կամավորների որոշակի շերտի, որոնք էլի քաղաքացիական կյանքից եկել են, բայց ինչ-որ պահի մարտունակության խնդիրներ են ունենում, դասալքում, եւ լավ կռվող զինվորներն իրենց փոխարինող չեն ունեցել:

«Կար նաեւ այսպիսի հարց, թե ինչու օրինակ, սեպտեմբերի 27-ին նույն պայմաններով զինադադար չի կնքվել: Մի պարզ պատճառով. սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը: Այսինքն եթե մենք զինադադար էինք խնդրում, դա կարող էր ընդունվել միայն ձեզ եւ մեզ հայտնի 7 շրջանները  վերադարձնելու կամ հանձնելու պայմանով: Մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետեւ հավատում էինք, որ Արցախի ՊԲ-ն, հայ ժողովուրդը կկարողանանք այնպես անել, որ ոչ թե անհրաժեշտ լինի մենք շահագրգռված լինենք հրադադարի ռեժիմի մեջ, այլ մենք կարողանանք պարտադրել հրադադար, ինչը սակայն տեղի չունեցավ: Մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհ է»,- ասել է նա:

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է.

«Որեւէ երկիր առանց հատուկ ուրախության է խաղաղապահ զորքեր մտցնում։ Այս իրավիճակում մենք այս քայլին ենք դիմել ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված, որովհետեւ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գալ։ Փաշինյանը «անկարողությունից, անփորձությունից կամ ընտրական պատճառներից ելնելով» ավելի վաղ քայլեր թույլ տվեց, որոնք ստիպեցին Ադրբեջանին եզրակացնել, որ «բանակցություններ չեն լինելու (Ղարաբաղի հարցով): Իհարկե, դա այժմ թուլացնում է Փաշինյանին, քանի որ նրա բոլոր մտադրությունները, եթե այդպիսիք կային, ձախողվեցին»:

Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը գրել է.

«Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։ Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։ Այսօր, երբ ՀՀ և Արցախի ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում' ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։

Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների' հայտարարում եմ, որ  հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, դադարեցնում եմ իմ' որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ շուտով կտարածվի ԼՂ-ում մարտական գործողությունների լիարժեք դադարեցման մասին եռակողմ հայտարարության իսկական տեքստը.

«Ես տեսել եմ, որ համացանցում տարածվում են տեքստեր (իբր հայտարարությունը): Դրանք մոտ են ճշմարտությանը, սակայն լիարժեք հաստատել չեմ կարող: Մոտ ժամանակներս կհրապարակվի հայտարարությունը եւ կտարածվի միջազգային հարթակներում»,- ասել է նա:

Եվս մեկ դրվագ Նիկոլ Փաշինյանի լայվից.

«Շատ կարեւոր է նաեւ խոսել այն մասին, թե արդյոք այս պատերազմը անխուսափելի էր. ես ուզում եմ շատ ուղիղ ասել, որ այս պատերազմից խուսափելու կար մեկ հնարավորություն՝ 5 տարածքների հանձնում առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման (նույն լայվում նա ասում էր, որ հենց առաջին օրը կարելի էր կանգնեցնել պատերազմը 7 շրջան հանձնելով՝ NEWS.am):  Սա, ըստ էության, եղել է բանակցային այն ժառանգությունը, որը մեր կառավարությունը ստացել է: Ընդ որում, 1994-ից սկսած բանակցային գործընթացում հստակ է եղել մի բան, ցավոք սրտի, որ 7 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին: Օրինակ, գրված է եղել ԼՂ կարգավիճակի ճշգրտում եւ 25 տարի այդպիսի քննարկում է եղել: Արդբեջանն էլ ասել է՝ շատ լավ, քանի որ կա ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականության սկզբունքը, ուրեմն ինքնորոշման իրավունքը պետք է տեղի ունենա տարածքային ամբողջականության շրջնակում: Մենք ասել ենք՝ չէ, համաձայն չենք, Ադրբեջանն իր մեկնաբանությունն է տվել: Դա անընդհատ տարընթերցումների տեղի է տվել: Մենք բանակցային այս 25 տարվա աընթացքում չենք կարողացել այս թեզը ճշգրտել, թե ինչ է նշանակում ազգերի ինքնորոշում»,-ասել է նա:

Փաշինյանի խոսքով, այդ ընթացքում Ադրբեջանը ֆինանսական ու ռազմական որոշակի կարողություններ ձեռք բերելով քայլ-քայլ, սկզբից Ղարաբաղին ընդհանրապես դուրս են մղել բանակցային գործընթացից, հետո ԼՂ Ադրբեջանից դուրս կարգավիճակի հարցն են դուրս դրել բանակցային գործընթացից եւ  բանակցային գործընթացում  հստակ, շոշափելի միայն մի բան է եղել՝ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին:

«Հիմա մենք արդյոք գիտեի՞նք, որ կարող է լինել պատերազմ, իհարկե գիտեինք, արդյոք պատրաստվում էինք այդ պատերազմին, իհարկե, պատրաստվում էինք: 2018-ի հուլիսը ցույց տվեց, որ զինված ուժերը պատրաստ են Ադրբեջանի դեմ պատերազմին: Ադրբեջանն ինքն էլ տեսավ, որ իր զինված ուժերով չի կարող հաջողություն ունենալ, դրա համար Թուրքիան վարձկաններ ներգրավելով, ինքն էլ ներգրավվելով ռազմական գործողությունների մեջ, ըստ էության, ստեղծեց մի վիճակ, երբ Հայկական բանակը կռվում է միանգամից երեք ուժի դեմ:

Մեր բանակը կռվեց հերոսաբար, մեր  զինվորները, սպաները, գեներալները կռվեցին անձնուրաց, հերոսության օրինակներ ցույց տվեցին, բայց ի վերջո, եկանք այն կետին, երբ բանակը եւ Արցախի ղեկավարությունը հարց դրեցին քաղաքական ղեկավարության առաջ, որ պետք է այս խնդիրը րոպե առաջ լուծել, որ հակառակ դեպքում հետեւանքները կլինեն շատ ավելի ծանր: Այս տանջալի իրավիճակում է, որ կայացվել է այն որոշումը, որը կայացվել է»,- բացատրել է վարչապետը:

Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան եւ հավաքվել են Ազգային ժողովի բակում՝ պահանջելով չեղարկել համաձայնագրի ստորագումը: Ազգային ժողովի դիմաց «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ օր առաջ պետք է ԱԺ պատգամավորները հավաքվեն և անվստահություն հայտնեն այս Կառավարությանը։

«Քվորում այս պահին չի ապահովվում։ Աժ պատգամավորները արհեստական ձևով խոչընդոտում են ԱԺ աշխատանքը։ Մեր պահանջն է, որ պատգամավորները կատարեն սահմանադրորեն իրենց տրված պարտականությունները, որովհետև հիմա որոշվում է մեր բոլորի ճակատագիրը»,- ասել է Չախալյանը, որի համոզմամբ, ՀՀ  քաղաքացիների մեծ մասը համաձայն չէ այս փաստաթղթին։

Բաղրամյան պողոտայում, որ փակել են ցուցարարները, կենտրոնացել են ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Քաղաքացիները շարունակում են պահանջել չեղարկել համաձայնագրի ստորագումը, որով  նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ:

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը գրել է.

«Պարտված, հազարավոր պայծառ կյանքեր զոհած, ողջ հայ ազգի արժանապատվությունը գետնած «հպարտ» վարչապետ կոչվող կիսագրագետ հիստերիկը, փոխանակ հրաժարական տալու, ապաշխարելու եւ ինքնասպան լինելու, դեռ մի բան էլ հաթաթա է տալիս։ Իսկապես, ինձ հետաքրքրում է, ողջ հայ ժողովրդի մեջ կա՞ն արդյոք դեռեւս պարտության, զոհերի, խելագարության, ողորմելիության կողմնակից «հպարտներ»։ Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլեւ Սյունիքը։ Դուք պատկերացնու՞մ եք, որ մնացած Հայաստանի դատարկվելն ու թուրքանալը տարիների հարց է։ Եթե, դեռեւս վարչապետ կոչեցյալը կողմնակիցներ ունի, ուրեմն մենք աշխարհի ամենաանարժապատիվ ազգն ենք»։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերը` ԼՂ-ում ՌԴ հետ միասին թուրքական խաղաղապահների տեղակայման մասին:

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղվող մարտերում զոհված եւս 81 զինծառայողի անուններ:

Նշենք, որ վերջին շաբաթներին ՊԲ-ն զոհվածների ցուցակները խիստ հազվադեպ էր հրապարակում։

Արցախի հերոս, գեներալ, Շուշիի ազատագրման գործողության հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը կոչ է արել «առողջ ուժերին» համախմբվել, նաեւ հորդորել է անել հնարավորը՝ պահպանելու կայունությունն ու պետականությունը։

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը գրել է.

«ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որեւէ բառ չկա։ Այդ, ինչպես նաեւ Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը»:

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պահանջել է անհապաղ հրավիրել ԱԺ նիստ և դենոնսացիա անել Նիկոլի ստորագրած փաստաթուղթը։

«Խաղաղապահ զորքերը ճիշտ է, արդեն տեղում են, բայց հետագա բանակցություններում նոր բանակցողները պետք է կաշկանդված չլինեն կապիտուլյացիայի փաստաթղթով», - ընդգծել է նա:

Արկադի Տեր-Թադեւոսյանը հայտարարել է, որ կարող են լինել անարժան ուժեր, որոնք կփորձեն օգտագործել Արցախի ճակատից վերադարձող մարտիկների արդարացի զայրույթը: Գեներալը բարդ իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնելուն ուղղված Քաղաքացիական խորհրդի ստեղծում է նախաձեռնել:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան չեն մասնակցել ԼՂ հարցով համաձայնությունների ձեռքբերմանը.

«Դա եռակողմ հայտարարություն է»,- ասել է Պեսկովը:  

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ 2,5 տարի շարունակ ՀՀ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությսմբ փակուղի մտցրեց բանակցային գործընթացը՝ անզգույշ, հակասական, էմոցիոնալ հայտարարություններով։

«Արցախը Հայաստան է ու վերջ, ինչ պետք է՝ այն էլ բանակցում եմ, պետք է երկխոսեմ Ադրբեջանի ժողովրդի հետ, պետք է լուծում, որը ձեռնտու կլինի նաևւ Ադրբեջանի ժողովդրին եւ այլ հայտարարություններ, որոնք թուլացրեցին հայկական կողմերի կառուցողական դիրքերը բանակցություններում»,- ասել է  Շարմազանովը։

Ըստ նրա՝ այդ նույն ժամանակ հարձակում էր տեղի ունենում ազգային արժեքների՝  եկեղեցու վրա, հայոց պատմության եւ լեզվի վրա, վարկաբեկվում էին արցախյան հաղթական ճանապարհ  անցած գեներալները, սպաները։

ՀՀԿ խոսնակը դիմելով ժողովրդին ասել է, որ իշխանությունները թվացյալ հաղթական կոչերով խաբեցին ժողովրդին.

«Սյս դավադրական գործարքը տեղի ունեցավ ժողովրդից ծածուկ, առանց նրա հետ քննարկելու», ասել է նա։

«Մենք՝ ընդդիմադիր կուսակցություններով պահանջ էինք ներկայացրել վարչապետի անցնում, ինքնակամ հեռացման, բայց դրա փոխարեն՝ Փաշինյանն լայվերով մեղքը իր վրայից գցում է, մեղավորներ նշանակում թե՛ մեզ, թե՛ ժողովրդին, գեներալներին, սպաներին, բանակին. բոլորը մեղավոր են, բացի իրենից, բայց չմոռանանք, որ իրենց իշխանությունն էր ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։ Իրենք էին խոսում հաղթանակի մասին, ասում էին՝ Սարդարապատ է, բայց ստացանք «Կարսի խայտառակ հանձնում», մենք բացի միասնականության կոչերից այլ բան չենք արել»,- նշել է նա, հավելելով, որ Փաշինյանը ոչ թե վենդետաներ պետք է անի, այլ հեռանա:

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը եռակողմ հայտարարության մասին ասել է, որ այն խայտառակ մի փաստաթուղթ է, որի իրականացումը կբերի Արցախի Հանրապետության վերացմանը, և որպես արդյունք, ՀՀ ինքնիշխանության կորստին, և աստիճանական տարալուծման թուրքական զանգվածի մեջ։

«Սա սակայն ընդամենը հայտարարություն է, որը որևէ իրավական ուժ չունի՝ առանց համապատասխան օրենսդիր մարմինների վավերացումների, պատճաշ կերպով կնքված միջազգային պայմանագրերի, ժողովրդի մեծամասնության կողմից ընդունման, և այլն։ Ուստի կոչ եմ անում որպես առաջին քայլ՝ ՀՀ Աժ-ին անվավեր հայտարարել այս ստորացուցիչ փատաթուղթը և չեղարկել այն ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները։ Նրա փոխարեն հետագա բանակցությունները պետք է վարեն այն մարդիկ, որոնք կունենան բանակի և ժողովրդի լիակատար վստահությունը»,– գրել է նա։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է, որ ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձեւավորել.

«Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու եւ եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու եւ տեղում քննարկումներ ծավալելու համար», գրել է նա:

17 կուսակցությունների խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ պատրաստվում են նյեմբերի 11-ին հանրահավաք անցկացնել.

«Երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և բոլորիս թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն են մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը: Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի, ուր ձեզ կներկայացնենք ստեղծված իրավիճակից ելքը»:

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլի՜կ,դու ինձնից հարցրել ե՞ս,որ ստորագրել ես Քարվաճառը տաս քո բարեկամներին... մեր պապերի կառուցած Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին, Դրախտավայր Արցախ աշխարհը հանձնես թուրքերին... Դու ո՞վ ես... Աստված քեզ դատավոր․․․»։

Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը գրել է.

«Շատ խորհրդանշական է, որ դավաճանական ու կապիտուլյացիոն ակտ ստորագրող Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ դարձավ մայիսի 8–ին՝ Շուշիի ազատագրման օրը.

«2018–ի մայիսի 8–ին սկիզբ դրվեց Շուշիի և ընդհանրապես ամեն ինչի հանձնմանը։ Եվս մեկ թվային խորհրդանշականություն։ 1–ին հանրապետությունն անկում ապրեց 1920–ին։ Ուղիղ հարյուր տարի անց պատմությունը կրկնվեց։ Հիմա մենք զրկվեցինք մայիսյան եռատոնից ու որևէ տոնից, քանզի Նիկոլ Փաշինյանի հետևողական ջանքերով հաղթողից վերածվեցինք պարտված ազգի, իսկ Հայաստանն ու Արցախի մնացորդները դարձան տարածք՝ պետության ձևական ատրիբուտներով։ Սա հրեշավոր մի ակտ էր, որին ունակ կարող էր լինել ամբոխն իր ամբոխավարով։

Փաստորեն, երբ Աննա Հակոբյանը հայտարարում էր, որ մեր զինվորները զոհվում են հանուն ոչնչի, մի բան գիտեր։ Երբ հրավիրում էր Մեհրիբանին Արցախ՝ մուղամ լսելու, մի բան գիտեր։ Սրանք «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո Հայաստանն ու Արցախը տարան կապիտուլյացիայի։ Ու այսքանից հետո դեռ լկտիություն ունեն հոխորտալու, աթոռից կառչած մնալու, քաղաքացիական պատերազմ հրահելու, այլ ոչ թե գետինը մտնելու, ծպտուն չհանելու և գոնե ինքնասպանության միջոցով մի փոքր մաքրվելու պատմության առաջ։

Եթե մենք այսքանից հետո էլ խելքի չգանք, չանջատենք ինքնաոչնչացման մեքենան ու չհասկանանք, որ երեկ հանձնվել է ավելին, քան գրված է կապիտուլյացիոն տեքստում ու մեզանից մեծագույն ճիգեր է պահանջվելու այս հողում ապրելու համար, ուրեմն արժանի ենք այն ճակատագրին, որը մեզ համար պատրաստել էին մեր թշնամիներն ու իրականացրեցին Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։

Միայն մեկ հարց է բաց մնում։ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբա՞ր գնաց կապիտուլյացիայի, թե՞ այդպես ստացվեց։ Այլ կերպ ասած՝ նա դավաճա՞ն է, թե անմեղսունակ։ Չի բացառվում, որ երկուսը միասին»։

ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ Ռուսաստանը խաղաղապահներով առնվազն 22 Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ կուղարկի Լեռնային Ղարաբաղ:

Եվրամիությունը ողջունել է ռազմական գործողությունների դադարեցումը ԼՂ-ում  եւ վերլուծում է դրա հետեւանքները: Բրյուսելում կայացած ճեպազրույցում ԵՄ արտաքին քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ Եվրամիությունը առանձին հայտարարություն կտարածի իրավիճակի վերլուծությունից հետո:

Այս իրադարձությունները ծավալվել, հաղորդագրություններն էլ տարածվել են առավոտյան 8-ից մինչեւ ցերեկվա 16։00-ն։ Նոյեմբերի 10-ի երեկոյան տեղի ունեցած բուռն իրադարձությունների մասին՝ հաջորդիվ։