Գործարար Իլոն Մասկի ակտիվների գնահատումը երկու օրում նվազել է 50 մլրդ դոլարով՝ Tesla-ի բաժնետոմսերի անկման պատճառով, որը տեղի է ունենում արդեն երկրորդ օրն անընդմեջ, հայտնում է Bloomberg-ը։
Սա Bloomberg Billionaires Index-ի պատմության մեջ ամենամեծ երկօրյա անկումն է եւ ամենամեծ մեկօրյա անկումը` չհաշված Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողության` 36 միլիարդ դոլարի անկումը 2019 թվականի ամուսնալուծությունից հետո:
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Մասկը Twitter-ի իր հետեւորդներին հանգստյան օրերին հարցրեց` արդյոք նա պետք է վաճառի ընկերության իր բաժնետոմսերի 10 տոկոսը, եւ հետո լուրեր հայտնվեցին, որ նրա եղբայր Քիմբալը վաճառել է բաժնետոմսերը հենց հարցումից առաջ: Բացի այդ, Insider-ը երեքշաբթի առավոտյան հայտնեց, որ ներդրող Մայքլ Բերին, ով հայտնի է դարձել Big Short ֆիլմով, ասել է, որ Մասկը կարող է ցանկանալ վաճառել բաժնետոմսերը՝ իր անձնական պարտքերը փակելու համար»,- նշում է գործակալությունը:
Կիրակի օրը՝ նոյեմբերի 7-ին, Մասկն իր Twitter-ում հրապարակեց հարցման արդյունքները։ Մասնակիցների մեծ մասը կողմ է արտահայտվել, որպեսզի ձեռնարկատերը վաճառի Tesla-ի բաժնետոմսերի 10 տոկոսը՝ հարկերը վճարելու համար։ Արժեթղթերի վաճառքին կողմ է արտահայտվել քվեարկությանը մասնակցածների 57.9 տոկոսը։ Իր կարծիքն է հայտնել ընդհանեւր 3.5 մլն մարդ։ Ինքը՝ գործարարը, ավելի վաղ խոստացել էր հետեւել քվեարկության արդյունքներին, ինչպիսին էլ որ դրանք լինեն, հայտնում է РБК-ն։
Հունիսի 30-ին Մասկն ուներ ընկերության մոտ 170.5 մլն բաժնետոմս։ Ուրբաթ` աճուրդների փակման պահին, Tesla-ի մեկ արժետոմսն արժեր 1222 դոլար։ Այսպիսով, Մասկին պատկանող բաժնետոմսերի 10 տոկոսի արժեքն այն ժամանակ կկազմեր գրեթե 21 մլրդ դոլար։
Նոյեմբերի 1-ին Forbes-ը եւ Bloomberg-ը հայտնել էին, որ Մասկի կարողությունը վարկանիշների պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 300 միլիարդ դոլարը: Tesla-ի բաժնետոմսերի գների աճը սկսվել էր հոկտեմբերի 21-ին՝ ընկերության ֆինանսական հաշվետվությունների հրապարակումից հետո, երբ ընկերությունը հայտնեց մաքուր շահույտի գրեթե հնգակի աճի մասին, ինչպես նաեւ` եկամուտների ռեկորդային աճի մասին:
Հոկտեմբերի 25-ին բաժնետոմսերի արժեքի եւս մի աճ գրանցվեց` 9.75 տոկոսով, որից հետո Tesla-ի շուկայական կապիտալիզացիան պատմության մեջ առաջին անգամ հասավ 1 տրիլիոն դոլարի։ Որպես դրայվեր հանդես եկավ այն լուրը, որ Մասկի ընկերությունը Hertz վարձակալության ծառայությունից ստացել է էլեկտրաքարերի ամենամեծ պատվերը՝ 100 հազար միավոր։ Tesla-ն այն ամբողջությամբ կատարի մինչեւ 2022 թվականի վերջ։





























