Իտալացի գինեգործները կձգտեն եվրոպական մակարդակով «Պրոսեկո» ապրանքանիշի փրփրուն գինու արտադրության հազվագյուտ իրավունք ձեռք բերել: Ինչպես գրում է Washington Post-ը, գինու իտալացի եւ խորվաթ արտադրողների միջեւ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Եվրամիությունում համաձայնել են քննարկել «Պրոսեկո» աղանդերային գինի արտադրող խորվաթների պետիցիան:

Հրատարակության հաղորդմամբ՝ այս ամենի պատճառն այն է, որ գինեգործական տարածաշրջանը, որտեղ արտադրվում է փրփրուն գինիների աշխարհահռչակ ապրանքանիշը, բաժանվել է երեք երկրների՝ Իտալիայի, Սլովենիայի եւ Խորվաթիայի միջեւ։ Միեւնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ Պրոսեկո գյուղը, որի անունով էլ կոչվել է ապրանքանիշը, գտնվում է Իտալիայում, սլովենական եւ խորվաթական գինեգործության ավանդույթները պակաս հին չեն։

Իտալիայի եւ Վենետոյի շրջանի տարածաշրջանային կառավարությունները խոստացել են պաշտպանել 2,4 միլիարդ եվրո շահույթ բերող ապրանքանիշը՝ մեղադրելով խորվաթներին, որ նրանք փորձում են օգտվել ապրանքանիշի հաջողությունից եւ մոլորեցնում են սպառողին:

Միեւնույն ժամանակ, խորվաթ գինեգործները պնդում են «Պրոսեկո» արտադրելու իրենց իրավունքը, քանի որ սպիտակ աղանդերային գինին ակնհայտորեն տարբերվում է չոր փրփրուն գինուց, եւ այժմ Խորվաթիային պատկանող տարածքում նմանատիպ անունով խմիչք արտադրվել է երեք հարյուր տարի ավելի առաջ, քան «Պրոսեկո» գյուղում։

«Սա սպառողներին չի շփոթեցնի: «Պրոսեկոն» պետք է ստանա ծագման վայրի պաշտպանված անվանում, իսկ արտադրողները պետք է լիարժեք մուտք ունենան շուկաներ»,- ասել է խորվաթ պատգամավոր Լադիսլավ Իլչիչը:

Իտալիայի Տրեւիզո նահանգի Պրոսեկո բլուրները 2019 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: